Պետական համակարգի գահավիժումը շարունակվում է

Պետական համակարգի գահավիժումը շարունակվում է

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:

ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ Պաշտպանը հրաժարական է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ նշելով, որ «պատշաճ պահի Գրիգորյանը հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից»։

Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։

Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնը զբաղեցրել է ուղիղ մեկ տարի․ ընտրվեց 2022-ի հունվարի 24-ին Ազգային ժողովի փակ-գաղտնի քվեարկությամբ՝ միայն իշխող պատգամավորների ձայներով։ 

Վերջին հանգամանքն արդեն իսկ կասկածի տակ էր դնում նոր Օմբուդսմենի անաչառությունը, հեղինակությունն ու կասկածից դուրս էր, որ այս ինստիտուտի նկատմամբ ընկալումը փոխվելու է ոչ միայն մեր հասարակության ներսում, այլ նաև միջազգային հանրության աչքերում:

Քրիստիննե Գրիգորյանը գուցե իսկապես այլ աշխատանքի է անցնում՝ երկրի ներսում կամ միջազգային որևէ կառույցում, սակայն հավատացեք՝ սրանից մռայլ իրականությունը, պետական մարմինների հեղինակազրկման համատեքստը չի փոխվում:

Օմբուդսմենի ինստիտուտը հասցվել է հայեցակարգային նշանակովի պաշտոնի մակարդակի։ 
Ահա այսպես են պետական հաստատություններն արժեզրկվում ու կազմաքանդվում։

Սա շատ լուրջ թեմա է, որովհետև Քրիստինե Գրիգորյանն ընդամենն մեկ տարի առաջ է ստանձնել պաշտոնը ու առհասարակ՝ որևէ այլ պաշտոն չի կարող պատվաբեր լինել Օմբուդսմենի կարգավիճակից:

Եթե ՄԻՊ-ը Հայաստանում դառնում է ոչ գրավիչ պաշտոն, ապա դա կա՛մ իշխանության ուղիղ ճնշումների, կա՛մ ինստիտուտի նկատմամբ թիրախավորման ավտորիտար մշակույթի հետևանք է:
Երկու դեպքում էլ՝ իրավիճակն առավել քան տխուր է:

Վահրամ Բագրատյան