Մահաբեր իշխանության ուրվականը

Մահաբեր իշխանության ուրվականը

Այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել և չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Ավելի ուշ նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հստակեցրել է՝ հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Ըստ դատախազության՝ մահացածները պարտադիր ժամկետային զինծառայողներ են։

Դարձյալ, ինչպես «Սուրմալու» կենտրոնի դեպքի ժամանակ, իշխանությունը շտապեց իր վարկածը դնել շրջանառության մեջ՝ ուղղորդելով նախաքննության ընթացքը, խախտելով անմեղության կանխավարկածը, գլխատելով 2-րդ բանակային կորպուսը՝ առանց քրեաիրավական գնահատականների:

Զորամասի կացարանում հրդեհը բռնկվել է, նախնական տվյալներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում՝ սա է կառավարության պաշտոնական տեսակետը, որը հնչեցվեց Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի շուրթերից:

Դատախազությունն էլ «տաք հետքերով» շտապեց հաստատել կառավարության վարկածը՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։

Դեռ քննությունը չմեկնարկած՝ բանակային կորպուսի ղեկավար կազմը փոխվում է: Այլ խոսքով, «վերևներում» գիտակցում են, որ իրենցը ոչ թե կառավարումն է, այլ «բարդակը» ու շտապում են «քավության նոխազներ» փնտրել: Բայց այս պարագայում, «բարդակն» անուն ունի՝ Նիկոլ Փաշինյան, որը հեռանալու կամ Սուրեն Պապիկյան հեռացնելու քաղաքական պատասխանատվություն չունի:

Կառավարության մնացած ձեռնարկումները նման են «հայտնի ձեռագրին»՝ գտնել «մեղավորներ», որոնք հնարավորինս հեռու կլինեն Նիկոլ Փաշինյանից ու նրա մերձավոր շրջապատից:

Երկրում պտտվում է մահաբեր իշխանության ուրվականը...

Վահրամ Բագրատյան