Ընդդիմությունը չպետք է վախենա արտահերթ ընտրությունների սցենարից

Ընդդիմությունը չպետք է վախենա արտահերթ ընտրությունների սցենարից

Խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ԱԺ այս նստաշրջանում ևս չեն մասնակցի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։

Այս մասին տեղեկացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Խորհրդարանական ընդդիմության այս մարտավարությունը նորություն չէ ու դրսևորվել է նաև նախորդ նստաշրջանում, երբ ընդդիմադիր պատգամավորները դադարեցրեցին բոյկոտը ու վերադարձան ԱԺ:

Այս իրավիճակում դարձյալ օրակարգային է դառնում ընդդիմության մարտավարության հարցը՝ ավելի գլոբալ համատեքստում:

Արդյո՞ք արդարացված էր ընդդիմության բոյկոտի դադարեցումը, եթե այդպես էլ չի մոտիվացվել ընդդիմության խորհրդարանական գործունեությունը: Օրինակ, ինչո՞վ է պայմանավորված ընդդիմության «անխռով» մասնակցությունը ԱԺ լիագումար նիստերին, երբ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվում են «առերեսվել» Նիկոլ Փաշինյանի հետ՝ խորհրդարանական հարցուպատասխանի ֆորմատում: ԱԺ նիստերի այդ հատվածը գործուն մեխանիզմ է, որը թույլ է տալիս բացահայտել գործող իշխանության քաղաքականության սնանկությունը կամ բարձրացնել հարցեր, որոնք էապես կարող են «խմբագրել» կառավարության քաղաքականությունը:

Եթե, այնուամենայնիվ, ընդդիմությունը վստահ է, որ իշխանության հետ որևէ դիալոգի, քաղաքական «համակեցության» անհրաժեշտություն չկա ու միակ ելքը նրա հրաժարականն է, ապա խորհրդարանական «անխռով» գործունեությունը դրա լավագույն ձևը չէ:

Ի վերջո, ընդդիմությունը չպետք է վախենա արտահերթ ընտրությունների սցենարից, ավելին՝ դա պետք է դարձնի իր կարճաժամկետ գործունեության ուղենիշը: Այդ ճանապարհին խիստ կարևոր է ԱԺ դելեգիտիմացումը, որի ամենակարճ ճանապարհը մանդատներից հրաժարումն է:

Վահրամ Բագրատյան