«Հումանիստ» իշխանության հաշվարկը

«Հումանիստ» իշխանության հաշվարկը

Իշխող ուժն ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթաց չի սկսի։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի որոշում՝ չդիմելու Սահմանադրական դատարան», - տեղեկացրել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Անցած շաբաթվա ընթացքում, նախ, իշխանություններն ինֆորմացիոն առիթ ստեղծեցին՝ «հերոսաբար» հայտարարելով, թե մտադիր են «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատից զրկելու հարցով դիմել ՍԴ: Առիթը, բնականաբար, ԱԺ նիստերից բացակայություններն են:
Երբ ԶԼՄ-ները սկսեցին գրել «ռեպրեսիվ» իշխանության թեմայով, հնչեց Հայկ Կոնջորյանի այս «հումանիստական» հայտարարությունները:

Իհարկե, ոչ մի հումանիզմի մասին խոսք անգամ չկա ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առաջնորդվում է բացառապես քաղաքական չոր հաշվարկով:

Նախ, Փաշինյանն այս պահին չի գնալու որևէ քայլի, որն անգամ տեսականորեն կարող է առաջացնել արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորություն: Իսկ խորհրդարանական ընդդիմության ինստիտուցիոնալ փոշիացումը, վաղ թե ուշ, բերելու է նման հետևանքի:

Մյուս կողմից, ՆԳ նախարարի պաշտոնում Փաշինյանի դասընկեր Վահե Ղազարյանի նշանակումից հետո, էապես սրվել են միջազգային կառույցների և Հայաստանի փաստացի վարչապետի հարաբերությունները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Փաշինյանին ուղիղ տեքստով հասկացրել են, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելը կլինի այն «կարմիր գիծը», որից անդին Հայաստանի իշխանությունը կարժանանա խիստ գնահատականների արևմտյան մայրաքաղաքներից:

 

Վահրամ Բագրատյան