Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական դեֆոլտը

Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական դեֆոլտը

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է խոստովանում, որ Հայաստանի իշխանությունը տապալել է անվտանգության ոլորտն, ինչն, անշուշտ, արտաքին քաղաքականության ձախողման հետևանք է:

Մի քանի փաստեր, որ արձանագրվել են անցած շաբաթվա ընթացքում, վկայում են Հայաստանի արտաքին քաղաքականության դեֆոլտի մասին:

Օրինակ, Հայաստանի վարչապետի վերջին սկանդալային ասուլիսին Մոսկվայից անդրադառնում են Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի մակարդակով ու հնչում են որակումներ, որոնք վկայում են հայ- ռուսական հարաբերություններում նշաձողի այնպիսի անկման մասին, որը երբևէ չի եղել Երրորդ հանրապետության պատմության ընթացքում:

Մարիա Զախարովան Հայաստանի իշխանության հայտարարությունները համարում է «աբսուրդ», «ավանտյուրիստական»:
Կամ այնքան փնթի կազմակերպել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի այցը, որ դրանից օգտվի Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը։ Ահա, այն ամենն, ինչ պետք է իմանալ այս իշխանության արտաքին քաղաքականության որակի մասին:

«Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ-ի անկախությունը, և սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»,- Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի այս հայտարարությամբ է հիշվելու նրա այցը, մինչդեռ՝ պետք էր ամեն ինչ անել հայկական օրակարգի շուրջ միջազգային կոնսոլիդացիա ապահովելու համար, մանավանդ Լաչինի միջանցքի ճգնաժամի համատեքստում:

ԱՄՆ պետքարտուղարության անցած շաբաթվա հաղորդագրության համաձայն, պետքարտուղարի տեղեկալ Դոնֆրիդը Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցներում հորդորել է Երևանին ու Բաքվին լուծել Լաչինի միջանցքի հարցը բանակցությամբ, «անհապաղ ներգրավվել բանակցություններում՝ դիվանագիտական լուծում գտնելու նպատակով՝ Լաչինի միջանցքով տեղաշարժը հնարավոր դարձնելու համար»:
Սա նույնպես կարելի է պատասխան համարել Նիկոլ Փաշինյանի ասուլիսին ու նրա տարօրինակ պնդումներին, թե Լաչինի միջանցքի բացման հարցում

Երևանը դեր չունի ու այդ հարցը Ադրբեջանի ու Ռուսաստանի պատասխանատվության դաշտում է:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը երբեք այսքան մեկուսացված չի եղել:

Վահրամ Բագրատյան