Մուննաթ մի եկեք․․․, քաղաքական տգիտություն է․ Աբովյանը՝ Փաշինյանին

Այս իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք այլևս չմեկնաբանեն ակնհայտ փաստերը՝ Ադրբեջանը զորքեր է գեներացնում, Երկիրը կլոր է, ամռանը շոգ է։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե Ադրբեջանը զորքեր է կուտակում թե՛ ԼՂ սահմանին, թե՛ ՀՀ-ի հետ ունեցած սահմանի ողջ երկայնքով։

Նրա խոսքով՝ իշխանությունն այդ ամենի մասին տեղեկացնելու փոխարեն պետք է հստակ քայլեր իրականացնի։

Անդրադառնալով ադրբեջանական զորքերի՝ մեր սահմանին կուտակվելու ֆոնին դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը, Արման Աբովյանը նկատեց, որ հարցերը, որոնք պետք է լուծվեն, պետք է նվազագույնը քննարկվեն, այլ ոչ թե փողոցային մակարդակով ելույթներ ունենալ։

«Ես վստահ եմ, որ այդ վիրավորանքները, որոնք ուղղվում են, դրսից են ուղղորդված։ Գոյություն ունի տարածաշրջանի ճարտարապետություն, որտեղ Ռուսաստանն է, Իրանը։ Եվ Թուրքիային ու Ադրբեջանին ձեռնտու է Ռուսաստանին դուրս բերել այստեղից։ Ու այստեղ փլուզվում է անվտանգային ճարտարապետությունը։ Փոխարենն ի՞նչ ենք ստանալու»,- նշեց նա։

Արման Աբովյանի խոսքով՝ դաշնակցին ինչ-որ բան ասելուց առաջ պետք է նվազագույնը բանակցել ու հասկանալ, թե ինչի համար են պրոցեսներ գեներացվում։

«Մուննաթ գալու փոխարեն պետք է հասկանալ, թե ինչու է այս ամենը լինում։ Այս իշխանությունը մեղադրելիս էլ կոնտեքստից կտրում է ամեն ինչ։ Ինչո՞ւ չեն խոսում այն մասին, որ ՌԴ-ն ասաց՝ եկեք առկախենք Ղարաբաղի հարցը»,- ասաց Արման Աբովյանը։

Դիտարկմանը, որ իշխանական շատ ուժեր հայտարարում են՝ պետք է ՀԱՊԿ-ից ու ՌԴ-ից հրաժարվել, այլ փրկօղակ գտնել, Արման Աբովյանն արձագանքեց՝ քաղաքագիտական տգիտություն է կարծել, թե ինչ-որ մեկը կգա մեզ փրկելու։

«Սպասարկելով այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը՝ այս իշխանությունը ստորադասում է ՀՀ պետական շահը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։