Ինչո՞ւ հետևողական չգտնվեց Ռուբինյանը

Ինչո՞ւ հետևողական չգտնվեց Ռուբինյանը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, որը հետևողական չգտնվեց իր մի հրապարակային հայտարարության հետևանքներին հասնելու հարցում։

Ի՞նչ է տեղի ունեցել

Կառավարության միանգամից երեք ներկայացուցիչ ուշացել էին խորհրդարանի վերջին Քառօրյայի նիստից, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկում էին իրենց վերաբերող օրինագծեր։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն «անպատասխանատու» որակեց այս ուշացումները՝ հանձնարարելով քարտուղարությանը շտապ կապվել կառավարության ներկայացուցիչների հետ ու ասել, որ շտապ ներկայանան ԱԺ նիստին։ Դրանից հետո խորհրդարանը քսան րոպե ընդմիջում վերցրեց։

Խորհրդարանական մոդելում հենց ԱԺ-ն է իշխանության կենտրոնը ու կառավարության նման արհամարհական մոտեցումը հուշում է այն մասին, որ Հայաստանում, մեղմ ասած, ձևավորված չէ քաղաքական ժողովրդավարական մշակույթ, իսկ եթե ավելի կոպիտ ձևակերպենք՝ ԱԺ-ն գտնվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «գրպանում»։

Ռուբինյանն, ըստ այդմ, շատ օբյեկտիվ դիտարկում է արել, սակայն՝ եթե նա հաջորդ օրը՝ ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ վարչապետի ներկայությամբ, պարզաբանում չի պահանջել Փաշինյանից, կամ այդ հարցը չի բարձրացրել այլ պատեհ առիթներով, հիմքեր ունենք պնդելու, որ Ռուբինյանն իմիտացիոն հայտարարությամբ ընդամենը «լղոզել» է Փաշինյանի ավտորիտարիզմը։

Իմիտացիան՝ Փաշինյանի գործիք

Փաշինյանի Հայաստանում իմիտացիան դարձել է իշխանության հիմնական «զենքերից» մեկը։ Փաշինյանից՝ սկսած, Ռուբինյանով ու մյուսներով՝ վերջացրած, բոլորը խոսում են ժողովրդավարության, մարդու իրավունքների գերակայության, ժողովրդին ծառայելու մասին, բայց Հայաստանը գլորվում է ավտորիտարիզմի ու կոռուպցիայի ճահիճ։ Իմիտացիան քողարկում է այդ տխուր իրականությունը, ինչի հետևանքով էլ Ռուբինյանը հայտնվեց մեր խորագրում։

Վահրամ Բագրատյան