ՀՖՖ ձախողված ղեկավարությունը․ հրաժարականի պահանջ

ՀՖՖ ձախողված ղեկավարությունը․ հրաժարականի պահանջ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսները»՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանն են, որոնք պատասխանատու են մեր ֆուտբոլի հավաքականի խայտառակ պարտության համար, սակայն շարունակում են կառչած մնալ իրնեց աթոռներից։

Հայաստանի հավաքականն իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին Օսլոյում ընկերական խաղ անցկացրեց Նորվեգիայի ընտրանու հետ ու գոլառատ խաղում 9 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը։ Հայաստանի հավաքականն իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց։

Բոլորը սպասում էին աղմկոտ հրաժարականների, բայց ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ՀՖՖ-ի, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հայտարարությունը, որի տեքստում ասված է․ «․․․Ներողություն ենք խնդրում բոլոր երկրպագուներից այս արդյունքի համար: Մենք միշտ եղել ենք միասնական ինչպես հաղթանակներից, այնպես էլ պարտություններից հետո:

Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն իր խաղով կրկին ուրախություն կպարգևի մեր ընտրանու բազմահազար երկրպագուներին»։

Ինչպես տեսնում ենք՝ նույն անպատասխանատվությունն է, անամոթությունը, երբ լուզեր պաշտոնյաները հրաժարվում են պատասխանատվություն կրել խայտառակ ձախողման համար։

Փաշինյանի «սրտի կադրերը»

ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը մի կարևոր ավանդույթ էր ներդրել՝ պատասխանատվության ինստիտուտը։ 2019-ի վերջին, որպես ՀՖՖ նախագահ՝ նա ուղղակի պատասխանատվություն չէր կրում Իտալիայի հավաքականից կրած պարտության համար, բայց հրաժարական ներկայացրեց՝ ցույց տալով, թե ինչպես պետք է վարվի ոլորտի պատասխանատուն ձախողումից հետո։

Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգը շարժվում է հակառակ տրամաբանությամբ՝ պատասխանատվությունն, ըստ էության, թողնելով հավաքականի մարզիչների, ֆուտբոլիստների, գուցե նաև՝ երկրպագուների վրա։ ՀՖՖ այսօրվա ղեկավարության նպատակը՝ ամեն գնով աթոռ պահելն է ու չպետք է զարմանալ․ Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը Փաշինյանի «սրտի կադրերն» են ու որդեգրել են նույն վարքագիծը, ինչ Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո։

Վահրամ Բագրատյան