«Սորոսի Հովոն»՝ Փաշինյանի հետքերով

«Սորոսի Հովոն»՝ Փաշինյանի հետքերով

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն է, որը կրկնում է Փաշինյանի ձեռագիրը՝ առաջին հերթին մտածելով իր քսակի մասին։

Ռեկտորը շեշտակի բարձրացնում է իր աշխատավարձը

Օրեր առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացվել մի որոշում, որը մինչ այժմ գաղտնի է պահվում բուհի դասախոսներից եւ աշխատակիցներից: ԵՊՀ ռեկտորի առաջարկությամբ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացվել պետհամալսարանի նոր հաստիքացուցակը: Hraparak.am-ի աղբյուրի փոխանցմամբ, համաձայն ռեկտորի գրած հաստիքացուցակի՝ ռեկտորն իր աշխատավարձը 570 հազար դրամից բարձրացրել է 1 մլն 23 հազար դրամ, դրան գումարած՝ սահմանել է ամեն ամիս եւս 300 հազար դրամ լրավճար: Այսինքն՝ ռեկտորի աշխատավարձը 570 հազարից միանգամից դարձել է 1 մլն 323 հազար՝ բարձրանալով մոտ եռապատիկ:

Նույն սկզբունքով բարձրացվել է պրոռեկտորների աշխատավարձերը, իհարկե՝ «կլորիկ» լրավճար- պարգևավճարներով։

Ուշագրավ է, որ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը չի բարձրացել, որովհետև ԵՊՀ-ն այս դեպքում, պարզվում է՝ ունի ֆինանսների սղության խնդիր։

Հովհաննես Հովհաննիսյանը կրկնում է Փաշինյանի ձեռագիրը։

Փաստացի վարչապետը բարձրացնում է նախարարների ու պատգամավորների, դատախազների ու ոստիկանների աշխատավարձերը, նրանց տալիս է «կլորիկ» պարգևավճարներ, բայց հենց հերթը հասնում է Հայաստանի «հպարտ» քաղաքացու աշխատավարձերին ու թոշակներին, պարզվում է՝ բյուջեում գումարներ չկան։

Սորոսը՝ հոգում, Փաշինյանը՝ սրտում

Ասում են՝ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ապրում է երկու մարդու նկատմամբ պաշտամունքի բանաձևով, կարճ ասած՝ Սորոսը՝ հոգում, Փաշինյանը՝ սրտում։ Այս բանաձևը հարստացնում է Հովհաննիսյանին, բայց քանդում է Մայր ԲՈւՀ-ը։

Վահրամ Բագրատյան