Խրախճանք՝ ժանտախտի ժամանակ

Խրախճանք՝ ժանտախտի ժամանակ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Վեդիի նորընտիր համայնքապետ, Նիկոլ Փաշինյանի սանիկ Գարիկ Սարգսյանն է, ով դարձել է ցինիկ այս իշխանության հավաքական դեմքերից մեկը։

Վեդիի «առումը»

Երկրորդ փորձից համայնքապետ դարձած Գարիկ Սարգսյանը նախօրեին մեծ շուքով նշել է Վեդիի գրավումը։ Մարզի ռեստորաններից մեկում նորընտիրը հավաքել է կուսակցական և մարզային ակտիվին ու մի լավ քեֆ-ուրախություն կազմակերպել։

Ուշագրավն այն է, որ ՔՊ մարզային մի շարք ֆունկցիոներներ այս խնջույքից վիդեոներ էին տեղադրել ֆեյսբուքյան իրենց էջերում, որոնք հետո հանվեցին, վստահաբար՝ կոնկրետ կենտրոնից եկած հրահանգի արդյունքում։

Թերևս, նույնիսկ ՔՊ վերնախավում են հասկանում, որ նման իրավիճակում, երբ Արցախը կանգնած է հայաթափման վտանգի առաջ, Նիկոլ Փաշինյանը խոսում է «5 րոպե պակաս» ռեժիմով պատերազմի մասին, ոչ միայն խնջույք անելու ժամանակը չէ, այլ նույնիսկ անհարմար է խոսել համայնքային ընտրության, դրանում տարած հաղթանակի մասին։

Երբ կանգնած ենք Արցախը կորցնելու վտանգի առաջ, ո՞ւմ է պետք Վեդիի «առումը»։

ՔՊ վերնախավում ոմանք գուցե հասկանում են այս ճշմարտությունը, բայց չեն կարող փոխել իրենց անհայրենիք տեսակը։ Արդեն ուշ է, շատ ուշ է։

Գարիկ Սարգսյանը՝ իշխանության հավաքական դեմք

Գարիկ Սարգսյանն արդեն մի քանի անգամ հայտնվում է մեր խորագրում ու վստահաբար՝ կրկին հայտնվելու է։ Բանն այն է, որ նա ՔՊ այն գործիչներից է, որ լավագույնս արտացոլում է այս իշխանության հավաքական կերպարը, նրա չտեսությունը, անդեմությունը։

Վահրամ Բագրատյան