Վահե Ղազարյան՝ ոստիկանապե՞տ, թե՞ Փաշինյանի «անձնական պահապան»

Վահե Ղազարյան՝ ոստիկանապե՞տ, թե՞ Փաշինյանի «անձնական պահապան»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանն է։ Նա մեր խորագրի «հերոսի» կարգավիճակում առաջին անգամ չէ, որ հայտնվում է։ Պատճառն այն է, որ Ղազարյանը «հետևողականորեն» ծառայում է Փաշինյանի ավտորիտար նկրտումներին։

Ի՞նչ է պատահել

Կառավարության շենքի մոտ հինգշաբթի վաղ առավոտից հավաքվել էին 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրկված, ապա գերեվարված տղաների հարազատները։

Ավելի ուշ գերիների հարազատները փորձել են փակել Տիգրան Մեծ պողոտա-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածը։ Քաղաքացիներից մի տղամարդ էլ քարով հարվածել է Կառավարության շենքի մուտքի դռանը, ինչից հետո ոստիկանության կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ նրան բերման են ենթարկել, սակայն սա առիթ էր, որ անհամաչափ բռնություն կիրառվի բոլոր ցուցարարների հանդեպ։

Հանցավոր անտարբերություն

Բնավ նպատակ չունենք արդարացնել որևէ ցուցարարի գործած ապօրինություն, բայց դա բնավ չի նշանակում, որ դրանով արդարացվում են ոստիկանության ապօրինությունները։

Կոնկրետ ցույցը կազմակերպել են գերիների հարազատները ու նրանց էմոցիաները կարելի է հասկանալ։

Կառավարության ակնհայտ անգործության հետևանքով՝ այս մարդկանց հարազատները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, մյուս կողմից՝ Փաշինյանի «պահապանների» դերում հայտնված ոստիկանները մարդկանց նկատմամբ բռնություն են գործադրում՝ միայն այն բանի համար, որ նրանք բարձրաձայնում են թեման՝ թույլ չտալով, որ կառավարությունը «ջրի» այս կարևոր թեման։

Ոչինչ չի մոռացվելու, որևէ մեկը չի մոռացվելու։ Սա Վահե Ղազարյանը լավ պետք է հիշի։

Վահրամ Բագրատյան