Ռուսաստանի դեմ դեմարշը կարող է Հայաստանի և Արցախի համար շատ ծանր հետևանքներ ունենալ

Ռուսաստանի դեմ դեմարշը կարող է Հայաստանի և Արցախի համար շատ ծանր հետևանքներ ունենալ

Ռուսաստանի դեմ դեմարշ իրականացնելը կարող է Հայաստանի Հանրապետության և Արցախի համար շատ ծանր հետևանքներ ունենալ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ “Պատիվ ունեմ” խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, կարելի է ունենալ մի շարք խնդիրներ երկկողմ հարաբերություններում, կարելի է ունենալ ակնկալիքներ, որոնք չեն իրացվել տարբեր իրավիճակներում, բայց վերցնել և թիվ 1 դերակատարի նկատմամբ այդպիսի քաղաքական դեմարշ իրականացնել, որը կարող է շատ ծանրագույն հետևանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության համար, անթույլատրելի է։

«Իսկ դրան զուգահեռ Ադրբեջանը և Թուրքիան աշխատում են Ռուսաստանի հետ իրենց շահերն առաջ մղելու համար, և ակնհայտորեն Թուրքիան գալիս է առաջին տեղ։ Եվ այս իրավիճակում չեմ կարծում, որ Հայաստանում կամ Արցախում կգտնվի որևէ միամիտ մարդ, որ կարող է մտածել, թե իրադարձությունները մեր համար կարող են դրական որևէ արդյունք ունենալ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, իրավիճակն, առանց չափազանցնելու, ծանր է բոլոր ճակատներում։

«Ծանր է՝ սկսած հումանիտար, վերջացրած առաջնագծում կամ բանակցային գործընթացում առկա իրավիճակով։ Հայաստանի իշխանությունների այսօրվա պահվածքը վախկոտություն է՝ չշնորհավորել Սամվել Շահրամանյանին։ Այս ամենը բերում է այն մտքի ամրապնդման, որ Արցախի հարցով Հայաստանի իշխանության մոտեցումը մնում է անփոփոխ, և դա տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների համատեքստում, որ իրենց իշխանությունը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։