Հակամրցակցային ու խտրական նախագիծ եք բերել․ Թորոսյանը՝  թիմակիցներին (տեսանյութ)

Հակամրցակցային ու խտրական նախագիծ եք բերել․ Թորոսյանը՝  թիմակիցներին (տեսանյութ)

Այս օրենքը ոչ միայն իր նպատակին հասնելու մասով այդքան արդյունավետ չի լինելու, այլ նաև բազմաթիվ խնդիրներ է բերելու։ Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով իր գործընկերներ Լուսինե Բադալյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագծին, ըստ որի՝ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման դեպքերում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվելու է արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, այսինքն՝ ավտորիզացիոն նամակի և ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում։

Նրա խոսքով՝ նախագիծը բերելու է գների բարձրացման որոշակի ծառայությունների համար։

«Օրինակ՝ կան ԲԿ-ներ, որոնք սրտի նույն ստենտը մի դեպքում նամակով են գնում, մյուս դեպքում՝ առանց։ Մեկը 65 հազար դրամով է դա գնելու, մյուսը՝ 110 հազար դրամով։ Հիմա էդ 65 հազար դրամով գնողը ստիպված այդ նույն ստենտը գնելու է 110 հազար դրամով»,- նշեց նա։

Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ բերված նախագիծը հակամրցակցային ու խտրական է։ 

«Բոլոր ներմուծվող բժշկական պարագաների դեպքում պետք է նույն սկզբունքը գործի»,- ասաց նա։

Արձագանքելով՝ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները Թորոսյանը ստացել է հանձնաժողովի նիստի ընթացքում։

«Ես վստահեցնում եմ, որ գները իջնելու են։ Եթե բոլորն ունենան տենդերին մասնակցելու հավասար տվյալներ, ապա մասնակցելու միակ գրավականը կլինի ցածր գինը։ Եթե մեկից ավելի ընկերություններ են ձեռք բերում տարբեր սարքավորումներ, ապա մրցակցելու համար գներն են կարևոր լինելու»,- նշեց Նարեկ Զեյնալյանը։