Գտնվել է մեջքի ցավի բուժման անսովոր միջոց

Գտնվել է մեջքի ցավի բուժման անսովոր միջոց

McGill University-ի գիտնականները պարզել են, որ մարմնից ծերացող «զոմբի բջիջների» հեռացումը կարող է վերացնել մեջքի քրոնիկական ցավերի հիմնական պատճառը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Ծերացող բջիջները, որոնք հաճախ կոչվում են «զոմբի բջիջներ», կուտակվում են ողնաշարի սկավառակներում, երբ հյուսվածքները ծերանում են: Նրանք դանդաղեցնում են մարմնի վերականգնողական կարողությունները, ինչպես նաև առաջացնում են բորբոքում և ցավ:

Գիտնականները ենթադրել են, որ հենց ծերացող բջիջների կուտակումն է մեջքի ցավի հիմնական պատճառը: Այս վարկածը ստուգելու համար հետազոտողների թիմը մկներին ներարկել է երկու դեղամիջոց՝ բնական միացություն, որը կոչվում է օրթո-վանիլին և քաղցկեղի դեմ պայքարի դեղամիջոց RG-7112: Նրանք փորձարկվել են ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին։

Բուժման ութ շաբաթվա ընթացքում դեղամիջոցները «մաքրել են» կրծողների ողնաշարը «զոմբի բջիջներից» և դանդաղեցրել (կամ նույնիսկ հակադարձել) ողնաշարի սկավառակների վնասումը: Դեղերից յուրաքանչյուրն ունեցել է բարերար ազդեցություն, սակայն ամենամեծ ազդեցությունը ձեռք է բերվել, երբ դրանք օգտագործվել են միասին։

 Հետազոտության հեղինակները նշել են այս բնական միացության հակաբորբոքային հատկությունները եւ որոշել են ստուգել՝ արդյոք այն նկատելի թերապեւտիկ ազդեցություն ունի։

Հետագայում գիտնականները նախատեսում են բարելավել օ-վանիլինի կառուցվածքը, որպեսզի այն ավելի երկար մնա օրգանիզմում։ Գիտնականները նաև ցանկանում են պարզել՝ արդյոք այն արդյունավետ կլինի մարդկանց համար։ Հետազոտողները ենթադրում են, որ օ-վանիլինը RG-7112-ի հետ համատեղելը կարող է բուժել տարիքի հետ կապված այլ հիվանդություններ, ինչպիսիք են արթրիտը կամ օստեոպորոզը: