Ամուսինը, եղբայրը, հորեղբայրը... Անահիտի անհաշվելի կորուստները

Մեկ ամիս առաջ, սեպտեմբերի 25-ին, բռնի տեղահանվող արցախցիների վիշտը բազմապատկվեց վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից։
Նախնական տվյալներով դեպքի զոհ է դարձել 220 մարդ, 290-ը՝ հոսպիտալացվել է, 100-ից ավելի անձանց մասին առայժմ տեղեկություն չկա։
Անհետ կորած համարվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ 24-ամյա Գենադի Գրիգորյանին փնտրում է կինը՝ Անահիտը։ Գենադին, ինչպես հարյուրավոր արցախցիներ, սեպտեմբերի 25-ին եղել է վառելիքի պահեստում։ Ժամ առաջ ուզում էր փրկեր ընտանիքը, բայց տեղի ունեցավ անսպասելին։
MediaHub-ի հետ զրույցում Անահիտը պատմում է, որ սեպտեմբերյան իրադարձություններն իրենից ամենաշատն են խլել, ամենաթանկն է կորցրել։ Երբ Սարուշենը պիտի տարհանվեր, թշնամին արդեն գյուղի մատույցներում էր, Ստեփանակերտին կապող մայրուղում։
«Սարուշենից դուրս ենք եկել ոտքով, մեկ ու կես տարեկան երեխայիս գրկած՝ անտառների միջով հասել Մարտունու շրջանի Մսմնա գյուղ, այնտեղից էլ՝ անտառային ճանապարհով տեղափոխվել Ստեփանակերտ։ Դա ողջ մնալու միակ ճանապարհն էր։ Եթե մեր տղամարդկանց դիմադրությունը չլիներ, մենք նույնիսկ չէինք հասցնի փախչել», -պատմում է Անահիտը, ով երջանիկ ու ամուր ընտանիք կառուցելու հավատով, 2021 թվականի հունվարին Գենադիի հետ ուխտ են կապել, ամուսնացել, մեկ որդի ունեցել։
Գյուղը պաշտպանելու ժամանակ Անահիտի հարազատ եղբայրը՝ Արտակը, վիրավորում է ստանում։
Հորեղբոր ուղեկցությամբ Ստեփանակերտի հիվանդանոց գնալու ճանապարհին ադրբեջանցիները 2-ին էլ գերի են վերցնում, խոշտանգում և տեղում սպանում։
Թվում է այսքանով պիտի ավարտվեր երիտասարդ կնոջ կորուստները։
«Նույն օրը գյուղի դիրքերում զոհված ընկերոջ դին հանելու ժամանակ զոհվում է նաև հարազատ քրոջս ամուսինը։ Իսկ ամուսնուս պապը, որ ընտանիքը փրկելու հույսով մեծ մեքենայով պիտի գար մեզ տարհաներ Մսմնայից, հայտնվում է կրակահերթի տակ և զոհվում։ Իմ կրած կորուստների մասին ես իմացա ավելի ուշ, երբ մեր ընտանիքը հավաքվեց Ստեփանակերտի նկուղներից մեկում։ Ապրումներս հնարավոր չի նկարագրել, դա իսկական մղձավանջ էր, մենք ուզում էինք դուրս գալ Արցախից ու փրկել ողջ մնացածներին, բայց վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը ավելացրեց ընտանիքիս և՛ կորուստները, և՛ ցավը»,- արցունքները մի կերպ զսպելով ասաց մեր զրուցակիցը։
Մեկ ամիս առաջ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին, վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը խլեց Անահիտի ամուսնու 15-ամյա եղբորը՝ Արենին, իսկ Գենադիի մասին մեկ ամիս շարունակ որևէ լուր չկա։ Անգամ տարածքում հայտնաբերված անձնական որևէ իր չի գտնվել։ Դատաբժշկական փորձաքննության և գիտագործական բյուրոյում ԴՆԹ թեստ են հանձնել, սպասում են պատասխանի։
«Սպասումն ավելի դժվար բան է, քան դառն իրականության հետ համակերպվելը։ Ծանր բան է կորուստները հաշվելը։ Ես հիմա ապրում եմ որդուս՝ Կարենի համար, չեմ ուզում այլևս ոչ մեկին կորցնել»,- ասում է 24-ամյա կինը, ով սեպտեմբերի 19-ից միայն կորցրել ու կորուստներից տեղը չի գտնում։ Գենադիի հավանական ողջ լինելու հույսերն օր-օրի մարում են...
Անահիտը իր հայրական ու ամուսնական ընտանիքի հետ բռնի գաղթից հետո, բարի մարդկանց շնորհիվ ապաստանել են Օշական գյուղում։ Ամուսնու հայրը որդուց լուր ստանալու նպատակով ամեն օր գալիս է Երևան։ Բայց ԴՆԹ թեստերից դրական ու բացասական պատասխան առայժմ չկա։
Հունան Թադևոսյան