Բանակցող է պետք, սրանք շատ փոքր են բանակցելու համար․ Սամվել Բաբայան

Բանակցող է պետք, սրանք շատ փոքր են բանակցելու համար․ Սամվել Բաբայան

Չեմ ցանկանա գնահատական տալ այն իրավիճակին, որ Արցախում կադրային փոփոխություններ են։ Եկել է նոր մարդ, պետք է իր կադրերը գտնի, փոփոխություններ անի, բայց պետք է նույն ժամանակ քայլեր ձեռնարկեն, որպեսզի հասնեն Արցախի ապաշրջափակմանը։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԼՂ պաշտպանության նախկին նախարար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը՝ խոսելով Արցախում տիրող ներքաղաքական և արտաքին մարտահրավերների մասին։ 

«Օպերատիվ կառավարման շտաբ են ստեղծել, որն էլ պետք է կատարի այն խնդիրը, որն իր առջև դրված է, իսկ մնացածը պետք է իր հունով ընթանա: Բայց ես սա չեմ տեսնում, տեսնում եմ, որ ամեն հարցում կաղում են, լուրջ խնդիրներ կան»,-ասաց նա։ 

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը պաշտոնից ազատվելու է, Բաբայանն ընդգծեց, որ այս պահին Վարդանյանի հրաժարականի մասին խոսք գնալ չի կարող։ 

«Ռուբեն Վարդանյանին նոր են առաջարկել այդ պաշտոնը և ինքը պետք է որոշի, թե ինչ անի։ Եթե տեսնում է, որ չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում զարգացում ապահովել, ապա պետք է որոշի՝ գնում է, թե մնում»։ 

Անդրադառնալով Արցախի՝ մեկ ամսից ավելի շրջափակման մեջ լինելուն և հնարավոր լուծումներին՝ Բաբայանը նշեց, որ հարցն իրականում բարդ է։

«Փորձեմ թվարկել այն, ինչ պետք է անի Արցախի կողմը․ այն հարցերը, որոնք գոյություն ունեն, պետք է այդ հարցերի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ լինեն, փոխվստահության շրջանակ ստեղծվի, պետք է հասկանալ՝ Ադրբեջանն իրո՞ք գնում է խաղաղության, թե նպատակն այլ է։ Ադրբեջանն ասում է՝ իմ ժողովուրդն է այստեղ, բայց հետո պոստեր է բերում, զենք հանում ու ասում՝ դե զինաթափվեք․ սա խաղաղության մասին չէ, սա փոխվստահություն չէ»,- ասաց նա։

Բաբայանի դիտարկմամբ՝ պետք է ուսումնասիրել, թե պատերազմից հետո Ադրբեջանը կոնկրետ ինչ հարցեր է բարձրաձայնել և տալ հստակ պատասխան, հստակ ձևակերպումներ։ 

«Ադրբեջանն ասում է՝ Կաշենը պետք է չաշխատի, պատճառաբանում են, թե աղտոտում է էկոլոգիան․ Կաշենը աշխատել է և պետք է աշխատի, Ադրբեջանը պետք է հասկանա, որ հազարավոր մարդ է այդտեղ աշխատում։ Այնպես չէ, որ տարբերակներ, մոտեցումներ չկան այն շահագործելու, պարզապես պետք է երկու կողմն էլ գա այդ փոխվստահությանը։ Արդյո՞ք Արցախի իշխանությունը պատրաստ է նստել և բանակցել Ադրբեջանի հետ, ես ասում եմ՝ ոչ, պատրաստ չէ, քանի որ, երբ Արցախը գնում է բանակցության, գալիս է ու իրեն հարցնում են՝ ի՞նչ եք բանակցել, պատասխանում են, թե չենք բանակցել։ Ինքնավստահություն չունեն բանակցելու։ Հայաստանն էլ ասում է՝ թող Արցախը գնա բանակցի։ Երբ բանակցություններն ընթանում են երրորդ երկրի ներկայութամբ, ապա պետք է խոսել ապացույցներով, իսկ հաջորդ քայլն արդեն հավասար զենքերն իջեցնելը, դիրքերը հետ քաշելն ու իրար հասկանալն է։ Բանակցող է պետք, սրանք շատ փոքր են բանակցելու համար, դրա համար «հավերը հավաքվել, կուտ են ուտում», դրա համար էլ բան չի փոխվում, ինչքան գան, գնան, բան չի փոխվելու, մեկ է՝ նույն հավերն են, մեկը մի քիչ շատ է ուտելու, մյուսը՝ մի քիչ քիչ»,- շեշտեց ԼՂ-ի պաշտպանության նախկին նախարարը։

Ըստ Բաբայանի՝ Արցախը պետք է նաև բանակցի Հայաստանի հետ, որպեսզի միասնական հասկանան՝ ինչպե՞ս պաշտպանել Արցախի շահերը միջազգային հարթակներում։ 

«Հաջորդը՝ պետք է փոփոխվի օրենսդրական բազան, որպեսզի քաղաքացին էլ հասկանա՝ ինչ է անում և ինչ նպատակով։ Երեք տարի անց Ադրբեջանն ասելու է, որ ռուսական կողմը դուրս գա Արցախից, ի՞նչ եք բանակցելու, ի՞նչ քայլեր եք արել, որ հետո կարողանանք համագործակցել․ սա չկա այդ մարդկանց մոտ, էս մարդիկ իրենց ստվերից են վախենում, իրար վրա են գցում։ Ադրբեջանը պահանջում է, որ Արցախի ճանապարհին ադրբեջանական անցակետ տեղադրվի։ Մի պահ պատկերացրեք՝ Ադրբեջանը 3000-ից ավելի հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել, առանց այդ հետախուզումը հանելու, ինչպե՞ս է անցակետ տեղադրում, 3000-ից մեկն անցնի, նույն պահին ձերբակալելու է, չէ՞: Հիմա բանակցողներն այս հարցը բարձրաձայնե՞լ են, դժվար թե, իրենց խելքի բանը չէ, դրա համար էլ ժողովուրդն է տանջվում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Լիաննա Թորոսյան