Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենի թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել թեստավորման փուլը 

Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենի թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել թեստավորման փուլը 

Երեկ MediaHub-ը գրել էր, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատը» տնօրեն է «փնտրում»։ Տնօրենի ընտրությունը պետք է լիներ մրցույթով, թեստավորման փուլն այսօր էր։ 
MediaHub-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է անցել մրցույթը, ինչ արդյունքներ կան։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը մեզ փոխանցեց, որ մրցույթի 4 մասնակիցներից ոչ մեկը թեստավորման փուլը չի հաղթահարել։ 

Հիշեցնենք, որ տուն-ինտերնատի տնօրենի հաստիքը թափուր մնաց այն բանից հետո, երբ նախկին տնօրեն Կարեն Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց տուն-ինտերնատի բնակիչներին խոշտանգելու և աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու մասով։ Մասնավորապես, մի դրվագով, ըստ մեղադրանքի, «հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին»:

Վերջինս կալանավորվել էր, սակայն օրերս ազատ է արձակվել: Նա մրցույթին մասնակցել չէր կարող:

Ըստ MediaHub-ի տեղեկությունների՝ թեկնածուներից մեկը Վարդենիսի փոխոստիկանապետ Սիմոն Սիմոնյանի եղբայրն է՝ ավագանու ՔՊ-ական անդամ Կարեն Սիմոնյանը, որը ֆիզիկայի ուսուցիչ է, մյուսը համայնքապետարանի աշխատակից Խաչիկ Բարսեղյանն է, որը, մեր տեղեկություններով, նախօրոք ձեռք էր բերել մրցույթի հարցաշարը։

Եվ ահա՝ նշված անձանցից և որևէ մեկը թեստավորման փուլը հաղթահարել չի կարողացել... Ըստ ընթացակարգի՝ կհայտարարվի նոր մրցույթ:

Լիաննա Թորոսյան