ԲՀԿ-ն պասիվ չէ՝ Երևանի քաղաքապետի իր թեկնածուի անունն է քննարկում

ԲՀԿ-ն պասիվ չէ՝ Երևանի քաղաքապետի իր թեկնածուի անունն է քննարկում

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ մամուլում հայտնվում են անուններ, որոնք շրջանառվում են իբրև հավանական քաղաքապետ  մայրաքաղաքի համար։

ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանն այս պահին ամենաակտիվն է, փոխքաղաքապետ լինելն իր համար լավ հնարավորություն է՝ քաղաքապետի աթոռին ավելի մոտենալու և իր տեղն ամրապնդելու։

Այս պահին մի քանի ուժ արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցության մասին։ Թեկնածուների անուններ ակտիվ շրջանառվում են․  ԼՀԿ-ինը ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն է, «Ապրելու երկիր» կուսակցությունը հաստատել էր, որ իր թեկնածուն Մանե Թանդիլյանն է, «Ուժը հայրենյաց» կուսակցության թեկնածուն կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինն է՝ Նատալյա Ռոտենբերգը, Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» կուսակցությունն էլ «Ալյանս» կուսակցության հետ է որոշել  միասնական թեկնածու առաջադրել։
Երբեմնի ընդդիմադիր երկրորդ ուժը համարվող ԲՀԿ-ն, որն այս պահին էլ ունի Երևանի ավագանիում խմբակցություն ունի, լռում է, դեռ թեկնածուի անուն չի հրապարակել։

Մամուլը ավելի վաղ գրել էր, թե ԲՀԿ-ն կարծես հրաժարվել է սեփական թեկնածու ունենալուց և աշխատելու է Տիգրան Ավինյանի համար։ Տեղեկությունը սկզբում MediaHub-ի հետ զրույցում հերքեց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Մարկոս Հարությունյանը, հետո էլ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ ԲՀԿ-ն չունի որոշում որևէ թեկնածուի աջակցելու, առավել ևս իշխանության թեկնածուին։ 

MediaHub-ին, սակայն, հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն քննարկումների մեջ է, քաղաքապետի թեկնածուի հավանական տարբերակներ կան, բայց դեռ հստակ որոշում չեն կայացրել։
Այդպես, հավանական թեկնածուներից մեկը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածք­ների և բնական պաշարների նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր Արթուր Գրիգորյանն է։ Մյուս քննարկվող  անունը Արման Աբովյանն է՝ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր։ 

Քաղաքապետի ԲՀԿ-ական մյուս հավանական թեկնածուն էլ Երևանի ավագանու համանուն խմբակցության քարտուղար Մարկոս Հարությունյանն է։ 

Թե ո՞ւմ անունն ի վերջո կհաստատվի, դեռ պարզ չէ, բայց մեր աղբյուրները նշում են, որ երեք տարբերակներից ամենահավանականը Հարությունյանի և Գրիգորյանի թեկնածությունն է։ Թեև ասում են, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հակված է հնարավորինս հեռու մնալ քաղաքական գործընթացներից՝ ո՛չ մասնակցել ընտրություններին, ո՛չ աջակցել որևէ ուժի:

Լիաննա Թորոսյան