Իսրայել-Ադրբեջան. ինչպես նվազեցնել ՀՀ-ի ու Արցախի համար մահաբեր համագործակցության ազդեցությունը 

Իսրայել-Ադրբեջան. ինչպես նվազեցնել ՀՀ-ի ու Արցախի համար մահաբեր համագործակցության ազդեցությունը 

 Իսրայելն Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներից մեկն է։ 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ հասարակությունը միաբերան հայտարարում էր Հայաստանի նկատմամբ Իսրայելի թշնամական տրամադրվածության մասին, բայց արդյոք դա իրականում այդպես է։ Իսրայելի հարցերով փորձագետ Դմիտրի Մարյասիսը MediaHub-ի հետ զրույցում խոսել է ադրբեջանա-իսրայելական համագործակցության, հայ համայնքի դերի և հեռանկարների մասին: 
Օրեր առաջ Իսրայելի ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցավ ակցիա ՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի։ Հավաքված ակտիվիստները բաց նամակով դիմել են երկրի կառավարությանը՝ խնդրելով դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, որն այն օգտագործում է խաղաղ բնակչության դեմ: 

«Եթե կյանքի սրբությունն ու բարոյականությունը դատարկ խոսքեր չեն դարձել մեր երկրի համար, ապա Իսրայելը պարտավոր է միջամտել և փրկել այդ անմեղ մարդկանց կյանքը»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ ղեկավարին ուղղված նամակում։ 

Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.-ից, երկրներն ունեն մի շարք համաձայնագրեր մշակույթի, բժշկության, կրթության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Սակայն Հայաստանն ու Արցախը Իսրայելում քննարկվող գլխավոր թեմաներից չեն։ Դմիտրի Մարյասիսը նշում է, որ թեման կարևոր է, եթե ինչ-որ մեկն անընդհատ բարձրացնում է այն: 

«Կա մի քանի պատճառ։ Գլխավոր պատճառն այն է, որ Իսրայելն այժմ շատ է կլանված իր օրակարգով, այն խնդիրներով, հասարակական հուզումներով, որոնք հեղեղել են վերջին կես տարվա ընթացքում: Մի շարք հոդվածներ կարելի է տեսնել հետազոտական կենտրոնների կողմից, սակայն դրանք 2-3 տարվա վաղեմություն ունեն եւ դրանցում իրադարձությունների ակադեմիական քննությունը բոլոր կողմերից անջատված է»,- ասում է փորձագետը։ 

Դմիտրի Մարյասիսը նշում է, որ կարևոր է Իսրայելում հայկական համայնքի գործունեությունը, որը կա, բայց բոլորովին ակտիվ չէ և չկա որևէ լոբբինգ, թեև իսրայելցի ժողովուրդը, ինտելեկտուալ հատվածը կարեկցանքով են վերաբերվում տեղի ունեցողին: 

«Շատ իսրայելցի մտավորականներ, նախկին Խորհրդային Միության երկրներից շատ մարդիկ մասնավոր զրույցներում կարեկցանքով են վերաբերվում Հայաստանում տիրող իրավիճակին, Արցախի շրջափակման հետ կապված իրավիճակին և ոչ միայն։ Իսրայելում Ադրբեջանից բազմաթիվ մարդիկ կան, որոնք, ի տարբերություն հայերի, ակտիվ գործունեություն են ծավալում երկկողմ կապերի հաստատման ուղղությամբ»,- ասում է մեր զրուցակիցը: 

Ինչպես նշում է Դմիտրի Մարյասիսը, Ադրբեջանն Իսրայելից զենք ձեռք բերող երկրորդ երկիրն է, ում համար կարևոր է արտահանել իր սպառազինությունը: Ցանկացած փոփոխության համար անհրաժեշտ է երկարատև հզոր աշխատանք, իսկ դրա համար պետք է ավելի լավ հասկանալ իրավիճակը Իսրայելում, պետք է դրանով զբաղվել, դրա վրա աշխատել։ 

«Ես կարծում եմ, որ նման պատմությունները փոխելու հնարավորություն կա։ Բայց դա երկար գործընթաց է։ Եվ այն պետք է սկսել Հայաստանում, բացել, օրինակ, իսրայելական հետազոտությունների լաբորատորիա և դրա միջոցով սկսել կամաց-կամաց կապ հաստատել ու խորացնել Իսրայելի հետ։ Ես հետաքրքրությամբ կմասնակցեի դրան», - հավելում է Դմիտրի Մարյասիսը։ 

Իսրայելը մինչ օրս զենք է մատակարարում Ադրբեջանին, և դա կանխելու որևէ քայլ չի արվում: Իսրայելի համար կարևոր է իր սպառազինության վաճառքը, Ադրբեջանը ջանք ու ֆինանս չի խնայում իր բանակը լավ, ժամանակակից տեխնիկայով զինելու համար։ Հասկանալի է, որ Իսրայելի կառավարությունը, առանց լրջագույն հիմնավորման, չի կարող դադարեցնել մեծ քանակությամբ սպառազինությունների վաճառքն ու արտահանումը՝ հիմնվելով միայն բարոյահոգեբանական սկզբունքների վրա, ուստի Իսրայելի հետ աշխատանքի մեկնարկը տալով՝ հավանական է հնարավոր է զգալի փոփոխություններ տեսնել։

Գեղեցիկ Մանուկյան