Ադրբեջանին շատ լավ խաղաթուղթ է տրվել, որը կարող է օգտագործվել ռազմական օպերացիայի համար 

Ադրբեջանին շատ լավ խաղաթուղթ է տրվել, որը կարող է օգտագործվել ռազմական օպերացիայի համար 

«Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու՝ այսինքն ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ»,- կառավարության հերթական նիստի ընթացքում երեկ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս պահին ՀՀ-ում են գտնվում բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: 

Այս հայտարարությունը երեկ շատ քննարկվեց և մեկնաբանվեց, քանի որ ակնհայտորեն ռիսկեր է պարունակում: Ու նաև խոսում է այն մասին, որ Փաշինյանն ուղիղ կապի մեջ է. այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։ 

«Բնականաբար Փաշինյանն ունի այդ տեղեկությունը, քանի որ նա ուղիղ անմիջական նամակագրական կապի մեջ է Ալիևի հետ և այդ հայտարարությունը ուղղակի նետել է դաշտ, որպես ազդակ, որ մարդիկ հավաքեն իրենց ճամպրուկները և պատրաստվեն Արցախը լքելուն, իսկ այդ ձևակերպումը տեղեկություններ ունենալու մասին պարզապես հերթական մանիպուլյացիան է նրա կողմից»,- շեշտեց մեր զրուցակիցը։ 

Ինչո՞ւ օրակարգից դուրս մղվեց Աղդամի միջանցքի բացման  մասին այդքան ակտիվ շրջանառությունը։ Կոստանյանը բացատրում է՝ արցախյան կողմից թշնամին տեսավ դիմադրություն և տեղի ունեցավ կոշտ հակազդեցություն։ Մարդիկ սկսեցին արձագանքել, որ Աղդամի միջանցքի տարբերակն անընդունելի է և հասարակությունը քաջ գիտակցում է, որ անգամ հումանիտար նպատակով Աղդամով ճանապարհը բացելը կհանգեցնի իրական աղետի և այդ քայլով ցանկացած բեռ հենց մտնի Արցախ՝  կնշանակի ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը։ 
Այժմ միակողմանի ճանապարհը բացելու լուրը դաշտ են նետել, ըստ Կոստանյանի, որովհետև այս պահին և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկակապես արցախցիների  վիճակը կարող է ինչ-որ պահի իրենց հանգեցնել  այդ ճանապարհով Արցախից դուրս գալու մտքի ՝ խուսափելով հնարավոր ցեղասպանությունից։ 

Անդրադառնալով ներքաղաքական ոչ պակաս կարևոր ու վտանգավոր զարգացումներին, նախկին պատգամավորը նշեց, որ արցախյան ներքին բախումները սպասելի և կանխատեսելի էին, քանի որ աշխարհազորայինների ստեղծումը եղել է պատերազմից հետո հենց հեռահար նպատակներով։ Փաստացի այդ քայլը ուղիղ հարված էր Արցախի պետականությանը, և ներսից պետական ինստիտուտների պառակտման գործընթացը կարող է նպաստել ինչ-որ պահի ճնշում գործադրելուն՝ նախագահի հրաժարականի հետ կապված։ Նախագահը ինքն իր ձեռքով, վստահ է Աննա Կոստանյանը, կազմակերպում է ոտնձգություններ, որն էլ ի վերջո կհանգեցնի Արցախի Հանրապետության կազմալուծմանը։  

«Ադրբեջանին շատ լավ խաղաթուղթ է տրվել, որը կարող է օգտագործվել ռազմական օպերացիա իրականացնելու համար։ Արցախյան ներքին բախումները, որոնք արվում են գիտակցաբար կամ ուղղորդված ցանկացած այլ անձանց կողմից, այդ քայլերով միայն Արցախի նախագահը ջուր է լցնում Ալիևի ջրաղացին»,- եզրափակեց Կոստանյանը։ 

Մարիա Զարգարյան