Փաշինյանը հանձնեց Արցախը նաև թղթով. հերթն անկլավներինն է

Փաշինյանը հանձնեց Արցախը նաև թղթով. հերթն անկլավներինն է

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Փաշինյանը Գրանադայում նաև թղթով Արցախը հանձնեց Բաքվին: Ընդ որում, թշնամի երկրի ղեկավարը նույնիսկ չէր էլ եկել Գրանադա, բայց անգամ նրա բացակայությունը չխանգարեց Փաշինյանին հապճեպ ավարտին հասցնել իր սև գործը՝ այս անգամ թղթաբանությամբ:

Ի՞նչ է լինելու: Անկլավները մտնո՞ւմ են Փաշինյանի կողմից որպես Ադրբեջանի տարածք ճանաչված 86,6 հազար քառակուսի կիլոմետրի մեջ:

MediaHub-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը նշում է՝  ըստ էության այո, և այդ մասին Փաշինյանն էլ հայտարարել է: 

«Անդրադառնալով հարցին, թե արդյոք տարածքային ամբողջականությունը ներառո՞ւմ է անկլավները՝ նա դրական պատասխան էր տվել՝ ասելով, որ 29.800 քառ. կմ-ի մեջ անկլավները նույնպես մտնում են, դրա մեջ մտնում է նաև Արծվաշենը: Սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել ու նայել, ասել էր նա: Հետևաբար, իսկապես այսպես կոչված անկլավները ներառված են այդ 86,6 հազար քառ/կմ տարածքի մեջ»,- նշեց Պողոսյանը։

Այդ դեպքում ի՞նչ սպասել հիմա: Ադրբեջանը, վստահ է մեր զրուցակիցը, չի սահմանափակվելու ձեռք բերածով և ձգտելու է Թուրքիայի հետ միասին Հայաստանը վերածել կախյալ տարածքի։ Դրա համար կօգտագործեն այսպես կոչված անկլավները որպես հենակետեր, վերահսկելով բոլոր տեղաշարժերը հյուսիս-հարավ։ 

«Հատկապես խիստ հսկողության տակ կլինեն ռազմական տեղաշարժերը։ Ցավով պետք է ասեմ, որ Երրորդ Հանրապետությունը մոտ է վախճանին։ Հույս ունեմ, որ կծնվի նորը` կենսունակ, արդարության վրա հիմնված, հակառակ դեպքում...»,- հավելեց Արա Պողոսյանը: