Գրանադայի «հաղթանակը»

Գրանադայի «հաղթանակը»

Դեռ նախօրեին, երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցուցադրաբար Գրանադա չի մեկնելու, կարելի էր մեծ վստահությամբ պնդել, թե այդ հարթակը տապալվեց:

Ալիևի մոտիվների մասին նույնպես խոսել ենք:

Ալիևը եվրոպական հարթակից ստացել է առավելագույնը, հիմա նրա առաջնահերթությունը տրանսպորտային հաղորդակցությունն է կամ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը:

Այս հարցում Ալիևի հիմնական խոսակիցներն, անշուշտ, Էրդողանն ու Պուտինն են, ինչի հետևանքով էլ վերացել էր Ալիևի՝ Գրանադա մեկնելու մոտիվացիան: 

Այնուամենայնիվ, Փաշինյանը մեկնեց Գրանադա ու ԵՄ, Ֆրանսիայի նախագահների, Գերմանիայի կանցլերի հետ համատեղ հայտարարություն հրապարակեց: Այդ փաստաթղթի բովանդակության մանրամասներին անդրադառնալ չարժե, որովհետև այն Պրահայի հայտարարության ոգով է, բացառությամբ այն տխուր կոնսենսուսի, որ ԼՂ խնդիր, ԼՂ այլևս գոյություն չունեն:

Ու այս համատեքստում առնվազն տարակուսելի է Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հրճվանքը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է. «Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է»: 

Ի՞նչ հաղթանակի մասին եք խոսում՝ Արցախի հայաթափությա՞ն, տուն- տեղ կորցրած արցախցիների՞, ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանցիների՞, Ռուսաստանի հետ գերլարված հարաբերությունների՞, ՄԱԿ դիտորդների զեկույցի՞, թե՞ Մակրոնի հայտարարության, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելն արդյունավետ չէ:

Ի դեպ, անկլավների ու միջանցքի թեման փակված համարել չի կարելի, որովհետև Ադրբեջանը ցուցադրաբար Գրանադայում չէր ու նման պարտավորություն չի ստանձնել:

Վահրամ Բագրատյան