300 000 և ավելի. ի՞նչ հիմքերով են ադրբեջանցիները տեղափոխվելու Հայաստան 

300 000 և ավելի. ի՞նչ հիմքերով են ադրբեջանցիները տեղափոխվելու Հայաստան 

Նախօրեին Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպանն ասել է, թե 300.000 «Հայաստանից վտարված» ադրբեջանցիները սպասում են ԵՄ-ի արդարադատությանը «մարդկության դեմ հանցագործության» մասով և սպասում են, թե երբ են վերադառնալու Հայաստան։ Այլ կերպ ասած, մենք կանգնած ենք մի խնդրի առաջ, որ Ադրբեջանը պատրաստվում է «Հայաստանը գրավել» այս հիմքով:

MediaHub-ի հետ զրույցում կովկասագետ, «Հայկական Նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը նշում է, որ այս ամենը պարզապես Արցախում էթնիկ զտումների վերաբերյալ դատական հայցերից զերծ մնալու միջոց չէ։ Ըստ կովկասագետի, սա հնարավորություն է տալու հետագայում ռազմական ագրեսիա իրականացնելու Հայաստանի դեմ։ 

«Ադրբեջանը նման պլաններ ունի և դա իրենց հնարավորություն է տալու հետագայում ռազմական ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ՝ չնայած խաղաղության պայմանագրի, եթե այդ պայմանագիրը լինի։ Այսինքն, կարող է լինել խաղաղության պայմանագիր, բայց այս 300.000 կամ որևէ այլ քանակի ադրբեջանցի «վերադառնա» Հայաստան, ինչը կհանգեցնի նոր ռազմական ագրեսիայի Ադրբեջանի կողմից։ Մարդիկ, ովքեր կմտնեն ՀՀ, լինելու են հատուկ պատրաստված, ովքեր կհրահրեն կոնֆլիկտներ և ցանկացած պատասխանի դեպքում՝ քաղաքացիների կամ ոստիկանների կողմից, Ալիևն ու Էրդողանը արդեն համարժեք պատասխան կտան և կասեն, որ Հայաստանը ահաբեկչական երկիր է ու իրենք գալիս են խաղաղ ադրբեջանցիներին պաշտպանելու»,- նկարագրեց հնարավոր հեռանկարը Իգիթյանը։

Ըստ փորձագետի, դեռ 1977թ-ի մարդահամարի արդյունքներով, այսինքն մինչ կոնֆլիկտի սկիզբը, Հայաստանում եղել է 160․000, իսկ 1988թ-ին, բնականաբար, ավելի շատ՝ 180-190․000 ադրբեջանցի։ Այստեղ կարևոր է ֆիքսել, որ տվյալ մարդկանցից կեսից ավելին ստացել են փոխհատուցում դեռ Հայաստանի ԽՍՀՄ կառավարության կողմից իրենց կորցրած ունեցվածքի համար։

«Արդբեջանի համար այս քայլը քաղաքական պրոեկտ է, որտեղ չի խոսվում հայերի վերադարձի մասին Ադրբեջանի տարածք, իսկ եթե անգամ խոսվի, ապա ոչ մի խելքը գլխին հայ չի գնա այնտեղ։ Այս քաղաքական պրոեկտը պարզապես հնարավորություն է ռազմական ագրեսիա իրականացնելու համար»,- եզրափակեց Իգիթյանը։

Մարիաննա Արամյան