Ալեն Սիմոնյանը ՌԴ չի՞ մեկնի

MediaHub-ի տեղեկություններով՝ հայկական կողմը չի պատրաստվում մասնակցել ՀԱՊԿ ԽՎ հերթական նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի երկրորդ կեսին Ռուսաստանի Դաշնությունում:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ պատճառը վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում առկա քաղաքական լարվածությունն է, որն օր օրի ավելի է սրվում:
MediaHub-ը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակին, որպեսզի ճշտի՝ Սիմոնյանը պատրաստվո՞ւմ է մասնակցել ՀԱՊԿ ԽՎ նիստին, թե ոչ:
«ՀԱՊԿ ԽՎ նիստին մասնակցել կամ չմասնակցելու մասով այս պահին վերջնական որոշում չկա»,- արձագանքեց Ծովինար Խաչատրյանը:
Հիշեցնենք, ըստ պրոտոկոլի՝ տարին երկու անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջխորհրդարանական տարբեր հարթակներում պարտադիր ձևաչափով հանդիպումներ է ունենում ռուս գործընկերների հետ՝ դա կլինի Ռուսաստանի Դաշնությունում, ԱՊՀ կամ ՀԱՊԿ երկրներից որևէ մեկի տարածքում: Որքան հասկանում ենք՝ Ալեն Սիմոնյանը ՌԴ այս տարի այլևս չի մեկնի, իսկ մնացածը ցույց կտա ապագան: