«Չեմ հավակնում Արցախի նախագահի պաշտոնին՝ անկախ Սահմանադրության փոփոխությունից». Սամվել Բաբայան

«Չեմ հավակնում Արցախի նախագահի պաշտոնին՝ անկախ Սահմանադրության փոփոխությունից». Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ չի հավակնում ԱՀ նախագահի պաշտոնին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Այն, ինչ գրում է հայկական մամուլը թուրքական օրակարգի սպասարկում է․ Բաբայանը եկավ, Բաբայանը գնաց, ինչպես եկավ և գնաց, ում հետ հանդիպեց, ինչ նպատակով, ինչ է պլանավորում և այլն։ Այս հարցերի վերաբերյալ մի քանի անգամ մեկնաբանություն եմ տվել, որովհետև ինձ թվացել է, թե մենք մամուլ և քաղաքական վերլուծաբաններ ունենք, որոնք ի վիճակի են հասկանալու և մեկնաբանելու քաղաքական հայտարարությունները։ Բայց քանի որ դրանց վերլուծական մտքի թռիչքը չափվում է ֆինանսական հատկացումներով, ստիպված եմ ևս մեկ անգամ վերահաստատելու իմ դիրքորոշումը:

ԱՀ սահամանդրական կարգավորումները Արցախի սուբյեկտայնության հիմքում դրված ականներ են, որոնք այս ճգնաժամի պայմաններում շղթայական ռեակցիայով փոշիացնելու են Արցախի վերջին փշրանքները։ Ուստի, կրկնում եմ՝ սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն։ Սա է հուշում պետական մտածողությունը։ Մնացածը մարդու իրավունքների, իշխանություն զավթելու և այլ պատճառաբանություններով նեղ անձնական շահեր են։

Սթափ գնահատելով Արցախի անվտանգության ներկա և ապագա մարտահրավերները՝  ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չեմ հավակնում ԱՀ նախագահի պաշտոնին՝ անկախ Սահմանադրության փոփոխությունից, կառավարման մոդելից, նախագահի ընտրության կարգից և այլն։ Եվ թույլ չեմ տա, որ իմ անձը շահարկեն ներքաղաքական գզվռտոցներում։

Մրցակիցներ չունեմ, այդ թվում՝ քաղաքական դաշտում։ Հետևապես՝ ինձ ամեն մեկին մրցակից դարձնելուց առաջ մտածեք՝ ես և նա մրցելու ի՞նչ ունենք։ Ես ինքնուրույն գործիչ եմ, ով իր ողջ գիտակցական կյանքը շարունակելու է մեկ նպատակ և շահ ունենալ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ։ Այն ինչ ասում եմ, ապացուցել եմ դեռևս 1999-ին․ գիտակցաբար հետքայլ եմ արել՝ պետականությունը վեր դասելով քաղաքական շոուից։ Նույն եմ անում նաև այսօր։

Հարգելիˊ հայրենակիցներ, սիրելի՜ արցախցիներ,

Միˊ տրվեք իմ և ձեր ճանաչած կենդանական աշխարհի քաղաքական ինտրիգներին։ 

Միˊ կրկնեք անցյալի սխալները»: