Պուտինի նուրբ ակնարկը

Երեկ Վլադիվոստոկում տեղի ունեցած Արևելյան տնտեսական ֆորումի պանելային քննարկումների ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստանին առնչվող մի շարք հարցերի։
«Մենք Հայաստանի հետ ոչ մի խնդիր չունենք, և Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրներ չկան, մենք անընդհատ կապի մեջ ենք նրա հետ»,- ասել է Պուտինն՝ ընդգծելով, որ ընդարձակ մի նամակ է ստացել Փաշինյանից:
Ի դեպ, ուշագրավ է, որ Պուտինը նման հայտարարություն է անում՝ հայ- ռուսական հարաբերությունների տեսանելի ճգնաժամի համատեքստում:
Թերևս, Մոսկվայում գիտակցում են, որ Հայաստանը անվտանգային համակարգը, տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու պոտենցիալ գրեթե չունի, մյուս կողմից՝ ինչքան էլ տարօրինակ հնչի, Ռուսաստանին չի անհանգստացնում Հայաստանում մոլեգնող հակառուսական հիստերիան, որովհետև դա, ի վերջո, Հայաստանին ոչ թե անվտանգային այլընտրանքային երաշխիքներ է բերելու, այլ նոր մարտահրավերներ, ինչը վերջնարդյունքում ուժեղացնելու է կախվածությունը Ռուսաստանից, ընդ որում՝ վերջինիս ազատելով մեր երկրի առջև ստանձնած նույնիսկ ֆորմալ դաշնակցային պարտավորությունների կատարման բեռից:
Քաղաքականությունը շատ ավելի բազմաշերտ ու բարդ գործընթաց է, քան կարող է թվալ առաջին հայացքից:
Երբեմն պետք է հետևել ոչ թե պետության ղեկավարի բարձրագոչ հայտարարություններին, այլ դրանց հետևանքներին: Փաշինյանի արկածախնդիր քաղաքականությունը մշտապես հանգեցրել է հրապարակային հռչակումների հակառակ հետևանքին: Դրա համար ենք պնդում՝ Փաշինյանի «հակառուսականությունը» կարող է հանգեցնել հայ-ռուսական ավելի կախյալ հարաբերությունների:
Վահրամ Բագրատյան