ՌԴ-ն ցանկանում է գնել Boeing ինքնաթիռներ՝ օգտագործելով սառեցված ակտիվները

ՌԴ-ն ցանկանում է գնել Boeing ինքնաթիռներ՝ օգտագործելով սառեցված ակտիվները

Ռուսաստանը, Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցություններում, դիմել է գնելու Boeing ինքնաթիռներ՝ օգտագործելով պատժամիջոցների պատճառով սառեցված միլիարդավոր դոլարների ակտիվները: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Մոսկվայում իրազեկ աղբյուրին։

Գործակալության աղբյուրի համաձայն՝ ենթադրվում է, որ «գործարքը» կարող է կայանալ հրադադարի հաստատումից հետո։

Խնդրանքը պայման չէ Ռուսաստանի կողմից հրադադարի համաձայնության համար, ընդգծել է Bloomberg-ի աղբյուրը։ Սակայն Մոսկվան հասկանում է, որ սառեցված միջոցները չեն կարող օգտագործվել ինքնաթիռներ գնելու համար՝ առանց ռազմական գործողությունների դադարեցման։

ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվների ծավալը կազմում է մոտ 5 մլրդ դոլար։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների 280 միլիարդ դոլար, իսկ ավելի քան երկու երրորդը արգելափակված է Եվրամիությունում:

Boeing-ի գործարքը կարող է լինել պատժամիջոցների մեղմացման մաս, եթե մարտերը դադարեցվեն: Սակայն առայժմ ԱՄՆ-ը պաշտոնապես հրաժարվում է քննարկել այս հարցը։ «Միացյալ Նահանգները չի քննարկի որևէ տնտեսական պարտավորություն, քանի դեռ հրադադար չի հաստատվել», - Bloomberg-ին ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը։