ՀՀ նախագահի նստավայրի անվտանգությունն ուժեղացնում են. Կառավարությունը «տակից» որոշում ընդունեց

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց 2022 թվականի բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածությունն արդիականացնել ու բարելավել։
Ըստ ներկայացված հիմնավորման՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի վարչական շենքում և հարակից տարածքում անվտանգության ապահովման արդյունավետությունը գնահատելիս համապատասխան մասնագետներն արձանագրել են անվտանգության որոշակի սարքերի և սարքավորումների փոխարինման անհրաժեշտություն: Որոշման նախագծում մասնավորապես նշված է․
«Նկատի ունենալով Հանրապետության նախագահի գործունեության ապահովման և նշված վայրում պարբերաբար կազմակերպվող պետական արարողակարգային միջոցառումների և հանդիպումների առանձնահատկությունները, առաջարկվում է Հանրապետության նախագահի աշխատակազմի «1154 Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «11001 Հանրապետության նախագահի գործունեության և ներկայացուցչականության ապահովում» և «31001 Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառումների միջև կատարել հատկացումների վերաբաշխում՝ անվտանգության սարքեր և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով»։
Թե ինչ գումար է տրամադրվելու նախագիծն իրականացնելուն, նշված չէ։ Այսինքն, ըստ հիմնավորման, որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի փոփոխություն չի առաջացնում։
Նարե Գնունի