Իսրայելի ԱԳՆ-ն նշել է ռազմական գործողությունների դադարեցման պայմանները

Իսրայելը կավարտի պատերազմը, հենց որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատի բոլոր իսրայելցի պատանդներին և հեռանա Գազայի հատվածից, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը։
«Պատերազմը կարող է ավարտվել վաղը՝ մեր պատանդների ազատ արձակումից, Գազայի հատվածի ապառազմականացումից և ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադի զինված ուժերի դուրսբերումից հետո», - ասել է Սաարը Երուսաղեմում մամուլի ասուլիսում, որը կազմակերպվել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Կալլասի այցի կապակցությամբ։
Նախարարն ընդգծել է, որ Իսրայելը պատրաստ է հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն պաղեստինյան կողմը չի համագործակցում այդ հարցում՝ փաստացի «Իսրայելին այլընտրանք չթողնելով» ուժային գործողությունների համար։
Սաարը նաև ասել է, որ եթե Իսրայելը չկարողանա հասնել իր բոլոր պատերազմական նպատակներին, հետևանքները սարսափելի կլինեն ոչ միայն հրեական պետության, այլև ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար:
Կալլասը, իր հերթին, ասել է, որ ԵՄ-ն աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին, սակայն կոչ է արել դադարեցնել հակամարտությունը բանակցությունների միջոցով։ Կալլասի խոսքով՝ Իսրայելի ռազմական գործողությունները պետք է «համաչափ» լինեն։