Գրիգորյանի ծանր խոստովանությունը

Գրիգորյանի ծանր խոստովանությունը

Հայաստանը Ռուսաստանից չի ստանում այն սպառազինությունը, ինչ պատվիրել է և ինչի համար վճարել է, Novayagazeta-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա հիշեցրել է նաև, որ Հայաստանն այդպես էլ չստացավ ՀԱՊԿ-ից այն արձագանքը, որը ակնկալում էր ադրբեջանական նախորդ տարվա ագրեսիայի ժամանակ։ Ըստ Գրիգորյանի՝ այդ ժամանակ եղել են նույնիսկ քննարկումներ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։

Արմեն Գրիգորյանի այս հայտարարություններին իմաստ չէր ունենա արձագանքել, եթե չլիներ նրա կարգավիճակը, բարձր պաշտոնը:
Սպառազինության թեմայով նման բարձրաձայնումը, մանավանդ, եթե խնդիրը վերաբերում է դաշնակից երկրի հետ հարաբերություններին, որևէ բանով չի նպաստում Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը: Հակառակը՝ հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի մասին յուրաքանչյուր բարձրաձայնում որոշակի վակուում է առաջացնում, որն անմիջապես լրացվում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությամբ, մտադրություններով:

Կամ՝ ի՞նչ իմաստ ունի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու ներքին քննարկումների մասին, եթե, ի վերջո, նման քաղաքական որոշում չի կայացվել, ավելին՝ նման հեռանկարը մի քանի անգամ հերքվել է Հայաստանի վարչապետի, ԱԺ նախագահի մակարդակով:

Ի վերջո, եթե մի երկրի ԱԽ քարտուղար ասում է, որ Հայաստանը որևէ երկրի վճարել է, բայց սպառազինություն չի ստանում, ապա խոստովանում է սեփական իշխանության քաղաքական իմպոտենտությունը:

Այս իմաստով, Գրիգորյանը ծանր խոստովանություն է արել, առաջին հերթին՝ Փաշինյանի համար:

Վահրամ Բագրատյան