Խնդրում եմ, մեկ ուրիշ անգամ․ մեր տասնյակ հարցերի պատասխանը՝ ԱԽ քարտուղարից

Խնդրում եմ, չեմ կարող հարցերին պատասխանել։ Այդ մասին այսօր Ստեփանակերտում MediaHub.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը։ 

Մենք հետաքրքրվել էինք, մասնավորապես, թե բացի գլխավոր դատախազից է՞լ ով կա Արցախ մեկնած պատվիրակությունում։ Դիտարկմանը, որ Լաչինի միջանցքն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Աղավնոն, Բերձորն ու Ներքին Սուսը նույնպես, ի՞նչ կարելի էր անել հայկական տարածքները պահելու համար, Արմեն Գրիգորյանն ընդամենն արձագանքեց. 

«Կներեք, կարո՞ղ եմ հիմա հարցերին չպատասխանել, հետո կպատասխանեմ»։

Նշենք, որ նախքան Գրիգորյանի պատասխանելը, նրան ուղեկցող քաղաքացիներից մեկը խնդրեց մեզ ներկայանալ, ապա, լսելուց հետո, որ Արմեն Գրիգորյանը գիտի, թե ով է իր դիմաց, արձագանքեց՝ ԱԽՔ-ը չի ուզում հարցերին պատասխանել։ 

Հարցին, թե ինչպես է գնահատում Բրյուսելյան եռակողմ հանդիպումը, Արմեն Գրիգորյանը ևս պատասխանեց՝ մեկ ուրիշ անգամ․ 

«Բոլոր հարցերին մեկ ուրիշ անգամ կպատասխանեմ, կդիմեք մամուլի խոսնակին, կգաք, սա հարմար տեղ չէ»։ 

Մեր արձագանքին, թե շատ էլ հարմար տեղ է Արցախը, որի բնակիչներից շատերը հենց այս իշխանությանն է մեղադրում ամեն ինչում, Արմեն Գրիգորյանը հակադարեց՝ մեկ ուրիշ անգամ կպատասխանի։ Վերջին ճշտող հարցին, թե արդյո՞ք ասելիք չկա, Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ ասելիք կա, բայց ուրիշ անգամ բոլոր հարցերին կպատասխանի, միշտ էլ առիթ կա։ Եվ խոստացավ՝ մեկ ուրիշ անգամ մեր հարցերին կպատասխանի։

Անի Գևորգյան