Ադրբեջանցիների հետ որևէ գաղտնի պայմանավորվածության չենք գնացել, չենք գնալու. Բալասանյան

Այսօր Արցախի Հանրապետության հռչակման օրն է։ MediaHub.am-ի նկարահանող խումբը հայկական երկրորդ հանրապետությունում է:

Ի՞նչ է կատարվում Արցախում, ի՞նչ է բանակցվում ադրբեջանցիների հետ․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։ 

- Ի՞նչ եք վերջին օրերին բանակցել ադրբեջանցիների հետ։ Համացանցում լուսանկար տարածվեց, որ դուք ադրբեջանցու ձեռք եք սեղմել, թեև միշտ քննադատում էիք, որ ադրբեջանցիների հետ վերելակային բանակցություններ են վարում այս իշխանությունները։ Դուք ի՞նչ եք վարում։ 

- Այսօր սեպտեմբերի 2-ն է, մեր անկախության օրը։ Երբ միջոցառումն ավարտվի, կմոտենաք, բոլոր հարցերի պատասխանները կստանաք։

- Այսօր տոնական օր է, բայց այն դիմավորում եք հերթական կորուստներով, հիմա արդեն Լաչինի միջանցքն է ադրբեջանցիների  վերահսկողության ներքո, Բերձորը, Աղավնոն ու Ներքին Սուսն անցան թշնամուն, պարո՛ն գեներալ։

- Նոյեմբերի 9-ի հայտարարությունը լա՞վ եք ուսումնասիրել, բոլոր կետերը։ 

- Համայնքների վերաբերյալ կետ դուք տեսե՞լ եք։ 

- Այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ չե՞ք տեսել։ 

- Պարոն գեներալ, բայց ձեզնից չէինք սպասում, որ ադրբեջանցիների հետ կմտնեք ակտիվ բանակցությունների մեջ։ Բերձորում էլ էիք ադրբեջանցի գեներալների հետ շրջել։ 

- Դիմեք մեր մամուլի ծառայությանը, մի օր ասուլիս կանենք, բոլոր հարցերի պատասխանները կտանք։ Եթե ձեզ թվում է, որ բոլոր հարցերին կարելի է բոլոր տեղերում պատասխանել, դուք չարաչար սխալվում եք։ 

- Դուք նախկինում պատասխանել եք, պարոն գեներալ։ Հիմա ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ եք խուսափում պատասխանել մեր հարցերին։ 

- Երբ միջոցառումը կավարտվի, կդիմեք մեր մամլո ծառայությանը, թող ասուլիս կազմակերպեն։

 - Գաղտնի պայմանավորվածությունները միշտ քննադատել եք, հիմա հարց՝ դուք ի՞նչ եք խոսում ադրբեջանցիների հետ։ 

- Մենք ադրբեջանցիների հետ որևէ գաղտնի պայմանավորվածության չենք գնացել, չենք գնում ու չենք գնալու։

 - Իսկ տարածված նկարն ի՞նչ էր, հանրությունն ի՞նչ մտածի։ 

- Դիմեք մեր մամուլի ծառայությանը:

Անի Գևորգյան