Արցախը Հայաստանին կապող հիմնական միջանցքին ձմռանը շատ վթարներ կլինեն․ Տեղի համայնքապետ

Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը հիմա ամբողջապես ասֆալտապատ է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ 

Նրա խոսքով՝ միջանցքը վերահսկվելու է ռուս խաղաղապահների կողմից, միայն առաջին շաբաթն այնտեղ են լինելու նաև Արցախի ոստիկանները։

«Ճանապարհը հենց բացվել է, ոստիկանները սկսել են վերահսկել այն։ Իսկ հիմնական ճանապարհի մասով կարող եմ ասել, որ երեք շինարարական կազմակերպություն է աշխատում։ Ասում են, որ մինչև դեկտեմբեր ճանապարհի շինարարության 70-80%-ը կվերջացնեն»,- ասաց նա։ 

Միջանցքն անցնելու է Կոռնիձոր գյուղի տակով, ապա հասնելու է Տեղ։

«Մենք նախագծողներին առաջարկեցինք, որ Տեղ գյուղի տակով անցնի, բայց որոշվել է Կոռնիձորով»,- նշեց Դավիթ Ղուլունցը։ 

Նրա խոսքով՝ անանցանելիության խնդիր չի լինի, բայց ձյան պատճառով վթարները շատ կլինեն։ Հարցին, թե նոր միջանցքը ինչքա՞ն ժամանակահատվածով ենք մենք օգտագործելու, երբ ռուս խաղաղապահները գնան, ի՞նչ կլինի, Դավիթ Ղուլունցը պատասխանեց՝ չի կարող ասել՝ թուրքը մնում է թուրք։ 

«Մենք ունեինք հնարավորություն, որ Բերձորի միջանցքը մնար։ Բայց դե ճամփեն կսարքվի, ռուսների կողմից կվերահսկվի, բայց թուրքերի նկատմամբ վստահություն չկա»,- ասաց նա։ 

Դիտարկմանը, որ Բերձորը ռազմական ավան են դարձնում ադրբեջանցիները, Տեղ համայնքի ղեկավարն արձագանքեց՝ Աղավնոյում արդեն ադրբեջանական բանակի մեքենաներ կան, զինվորներ։ 

«Չգիտեմ՝ ինչ կարող են անել, ինչ կարող են դարձնել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։