Բոլորին պիտի հասկացնենք, որ չենք պատրաստվում տեղի տալ ադրբեջանական բռնաճնշումներին. Աբրահամյան

Բոլորին պիտի հասկացնենք, որ չենք պատրաստվում տեղի տալ ադրբեջանական բռնաճնշումներին. Աբրահամյան

Արցախի Անվտանգության և զարգացման ճակատ հանրային շարժման Ասկերանի ակտիվիստները տեղում հետևում են իրավիճակին։ Անհրաժեշտության դեպքում մենք ֆիզիկապես կլինենք նրանց կողքին. Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանը:

Հիշեցնենք, ակտիվիստները երեկ բողոքի ակցիա էին իրականացրել Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհին, բետոնե արգելապատնեշներ տեղադրել։ Սա արվեց այն բանից հետո, ինչ Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեց. 

«Ես շեշտել եմ, որ անհրաժեշտ է բացել Լաչինի ճանապարհը, նաև ընդգծել եմ Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ես երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում և կոչ եմ անում երկու կողմին էլ իրականացնել հումանիտար մատակարարումներ, որպեսզի տեղի բնակչության կարիքները բավարարվեն»:

Աբրահամյանը նշեց՝ քայլերը լինելու են շարունակական՝ ըստ իրավիճակի փոփոխության:

«Այս պահին անհրաժեշտ է հումանիտար օդային միջանցք տրամադրել, որպեսզի հնարավոր լինի որոշակի չափով մեղմել առկա աղետալի իրավիճակը»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ որևէ փորձ արվել է միջամտել, հանել պատնեշները, Աբրահամյանը հետաքրքրվեց՝ ո՞ւմ կողմից: Դիտարկմանը՝ Արցախի իշխանությունների կողմից, քանզի Բրյուսելում ՀՀ իշխանությունը ներկայացնող անձը որևէ կերպ չառարկեց Շառլ Միշելին, իսկ պաշտոնական Ստեփանակերտը բացահայտ դեմ չի գնում Երևանին, կամ ռուս խաղաղապահների կողմից, Արշակ Աբրահամյանը նշեց.

«Ոչ։ Ակցիայի իրականացման բուն նպատակը այն էր, որպեսզի ԲՈԼՈՐԻՆ պարզ հասկացնենք, որ մենք չենք պատրաստվում տեղի տալ ադրբեջանական բռնաճնշումներին և հատել մեր իսկ կողմից հռչակված կարմիր գծերից մեկը, այն է՝ սոցիալական և տնտեսական ինտեգրումը Ադրբեջանի հետ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ դա առաջին քայլն է լինելու, որին հաջորդելու է հերթական պահանջը մանաթով առևտուր անելու … Պետք է բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պայքարել Արցախի անկախության և ինքնորոշման իրավունքի համար»:

Նա կրկնեց՝ իրենց հիմնական պահանջը մնում է Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը, սակայն ստեղծված աղետալի իրավիճակից դուրս գալու համար, որպես կարճաժամկետ լուծում, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» առաջարկում է հումանիտար օդային միջանցքի տրամադրումը:

Հայաստան Արցախյան