Նոր տեսանյութի հետքերով․ թշնամին գնդակահարել է երեք հայ գերու․ նրանք նույնականացվել են․ Սիրանուշ Սահակյան

Նոր տեսանյութի հետքերով․ թշնամին գնդակահարել է երեք հայ գերու․ նրանք նույնականացվել են․ Սիրանուշ Սահակյան

Երեկ համացանցում տարածվեց թշնամու կողմից իրականաված վայրագության ևս մեկ դրվագ․ երեք հայ ռազմագերիների թշնամին գնդակահարում է։ 

Որտե՞ղ է դեպքը տեղի ունեցել, արդյո՞ք նույնականացված են տղաները։ Հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ 

Նա նշեց, որ տեղանքը հստակեցված է, զինծառայողներն էլ նույնականացված են։

«Տղաներից մեկը զոհված է, մյուս երկուսին գնդակահարել են»,- ասաց Սահակյանը։ 

Տղաների անունները դեռևս չեն հրապարակվի, քանի որ այս պահին աշխատանքներ կան կատարելու թե՛ միջազգային ատյաններում, թե՛ ընտանիքների հետ։ Սահակյանը տեղեկացրեց, որ գնդակահարվածների գերեվարված լինելու մասին իրենք գիտեին։ «Իրենց մասով ունեցել ենք գործեր, հիմքեր եղել են մտածելու, որ նրանք գերեվարված են»,- նշեց նա։ 

Սահակյանը հիշեցրեց նաև, որ իսկզբանե խոսվում էր երկու տասնյակ գերի ունենալու մասին, բայց այս պահին թիվը, ինչպես երևում է, կրկնակի է։

«Մեզ տասնյոթ գերու են վերադարձրել, բայց փաստացի կրկնակի ավելի գերեվարումներ են եղել, և այս գնդակահարություններն էլ անհերքելի կերպով ցույց են տալիս, որ տղաները գերեվարվել են, ու արդեն ենթարկվում են խմբային գնդակահարության»,- նշեց նա։ 

Սահակյանի խոսքով՝ այս պահին պետք է միջազգային հանրության նկատմամբ ճնշումը մեծացնել, քանի որ լռության գինը նոր զոհեր ունենալն է.

«Այս ամենը, բնականաբար, չի ունենալու տարածքային սահմանափակում։ Այդ մեթոդները արտահանվելու են, և միջազգային հանրությունը սեփական մաշկի վրա է զգալու այդ ամենի հետևանքները, եթե ժամանակին չկանխի դրանք»,- հավելեց Սահակյանը։

Նարե Գնունի