Փաշինյանը կընդունի՞ Արայիկ Հարությունյանին

Փաշինյանը կընդունի՞ Արայիկ Հարությունյանին

Երեկվանից Երևանում է Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Թե այստեղ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել, որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա։ 

Ըստ որոշ տեղեկությունների, սակայն, Նիկոլ Փաշինյանը ժամանակ չունենալու պատճառաբանությամբ, հրաժարվել է ընդունել ժամանած պատվիրակությանը։ Դե, երեկ վարչապետի զբաղված լինելը տեսանելի էր՝ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին էր ընդունել՝ քննարկելու երկրում տիրող վիճակը։ 

Իսկ այսօր կընդունի՞ Փաշինյանն արցախցի գործընկերներին։ MediaHub.am-ը փորձեց պարզել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից։ 

- Պարո՛ն Խաչատրյան, այսօր նախատեսվո՞ւմ է Փաշինյանի հանդիպումը Արցախից ժամանած պատվիրակության հետ։ 

- Եթե նման հանդիպում լինի, ապա մենք դրա մասին կտեղեկացնենք։ 

- Միշտ ասում եք, որ ճիշտ ժամանակին հանրությանը տեղեկացնում եք, թե ինչ օրակարգ ունի Նիկոլ Փաշինյանը։

Եթե մինչ այս պահը սպասվելիք հանդիպման մասին որևէ հաղորդագրություն չկա, կարո՞ղ ենք ենթադրել, որ այս պահի դրությամբ նման հանդիպում նախատեսված չէ։

- Ես նման բան չասացի, ուղղակի հանդիպման ժամանակ կտեղեկացնենք։ 

- Այսինքն՝ նման հանդիպում, այնուամենայնիվ, նախատեսվա՞ծ է։ 

- Եթե լինի, մենք հաղորդագրություն կտարածենք։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատվիրակության այցի հիմնական նպատակն է քննարկել 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արցախի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը։ 

Նարե Գնունի