Մութ ու ցուրտ տարիների ուրվականը շրջում է Արզականում. ՀԷՑ-ը նորից "ни при чём"

Մութ ու ցուրտ տարիների ուրվականը շրջում է Արզականում. ՀԷՑ-ը նորից "ни при чём"

Այն, ինչ կատարվում է Կոտայքի մարզի Արզական բնակավայրի Ամառանոցային փողոց 2-րդ փակուղում, հաստատապես կապ չունի մեր լուսավոր օրերի հետ ու մարդկանց տեղափոխում է մի գաղջ իրականություն, որը բնորոշ է անցած դարերին, երբ էլեկտրականությունը չկար կամ համարվում էր զարմանահրաշ գյուտ:

Նշված հասցեում ապրողներից մեկը MediaHub.am-ի հետ զրույցում պատմեց, որ հոսանքը կամայական անջատվում է օրը մի քանի անգամ՝ առանց նախօրոք ծանուցման: 

«Տեղամասային տեսուչը (տարածքը սպասարկում է Չարենցավանի էլցանցը- խմբ․) «անհասանելի Ջոն» է. նրան ավելի դժվար է գտնել կամ զանգել, քան Պուտինին կամ Բայդենին: ՀԷՑ-ի տարբեր համարներով զանգեր ենք անում, բայց պատասխան չկա։ Մեզ մնում է մեր վնասները հաշվել՝ շարքից դուրս եկած տեխնիկայի, թափված մթերքի տեսքով»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչո՞ւ է նման վիճակ ստեղծվել, MediaHub.am-ը ճշտեց հենց ՀԷՑ-ից։

Մեզ հետ զրույցում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանն ասաց, որ վերջին երեք շաբաթում երկու անջատում է եղել նշված հասցեում։

«Երկու անջատում ենք ունեցել վերջին երեք շաբաթում, որից մեկը բարձրավոլտ ցանցում է եղել, իսկ մյուսը՝ պլանային անջատում, որի մասին հաղորդագրություն տարածել ենք։ Այդ տարածքից տեխնիկայի վնասման հետ կապված բողոք չունենք։ Այնուամենայնիվ, եթե էլեկտրաէներգիայի որակի պատճառով տեխնիկա է վնասվել, ապա քաղաքացին սահմանված կարգով կարող է դիմել ՀԷՑ-ին։ Նշեմ, որ առաջիկա օրերին ևս մեկ պլանային անջատում է լինելու, որի մասին կհայտարարվի»,- ասաց նա։

Մինչդեռ մեզ դիմած քաղաքացին նշեց, որ անջատումները պարբերաբար են նաև գիշերային ժամերին, երբ մարդիկ քնած են, բայց տեխնիկան միացված ու խափանվում է այդ անջատումներից: 

Փաստացի կողմերից մեկը պնդում է, որ անընդհատ անջատումներ են, մյուսը՝ հերքում։ Թնջուկը պարզելու համար MediaHub.am-ն ամենօրյա կապի մեջ է լինելու նշված հասցեի բնակիչների հետ։

Նարե Գնունի