Մյուռոնօրհնեքին ընդառաջ Էջմիածնում ոչինչ չի արվում, ամենուր աղբ է. իսկ ի՞նչ է ասում քաղաքապետը

Մյուռոնօրհնեքին ընդառաջ Էջմիածնում ոչինչ չի արվում, ամենուր աղբ է. իսկ ի՞նչ է ասում քաղաքապետը

Հոկտեմբերի 1-ին տեղի է ունենալու Մյուռոնօրհնեքի արարողությունը, որը մեծ միջոցառում է և ենթադրում է բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի ներկայություն: Սակայն MediaHub-ը Էջմիածնի քաղաքացիներից բողոքներ է ստացել, որ կարևոր այս օրվան ընդառաջ քաղաքում որևէ աշխատանքներ չեն տարվում՝ ո՛չ ասֆալտապատման, ո՛չ փողոցները աղբից մաքրելու, ճանապարհները կահավորելու ուղղությամբ: 

Մեզ ահազանգած քաղաքացիները նշում են, որ քաղաքապետ Դիանա Գասպարյանը խոսք էր տվել բերել քաղաքը պատշաճ տեսքի, սակայն ոչ մի բան չի արվում: Եվ Էջմիածնի փողոցներում հայտնվելով՝ դա անմիջապես աչք է ծակում: Մինչդեռ, հիշեցնենք, կարևորագույն միջոցառմանը մնացել է երկու շաբաթ ժամանակ:

Ինչպե՞ս է քաղաքապետը մեկնաբանում այս բողոքները և քաղաքացիների իրեն ուղղված մեղադրանքները, թե անգործության է մատնված:

«Բնականոն աշխատանք է տարվում, քաղաքապետարանն աշխատում է: Այս տարի ունենք կենտրոնական փողոցի մայթերի սալիկապատման ծրագիր, որը մի շարք խնդիրների պատճառներով հետաձգվել է մյուս տարի: Հոկտեմբերի 1-ի Մյուռոնօրհնեքի արարողությանն ընդառաջ քաղաքապետարանը և եկեղեցին աշխատում են, և ամեն ինչ կարվի, որ քաղաքը պատշաճ տեսքի բերվի»,- MediaHub-ի հետ զրույցում հայտնեց քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ 

Ինչ վերաբերվում է աղբահանությանը, այն բողոքներին, որ փողոցները աղբի մեջ կորած են, Դիանա Գասպարյանը նշեց, որ արդեն վաղը բացվելու են փաթեթները, հայտարարված են մրցույթներ թե՛ նոր աղբամանների, թե՛ նոր մեքենաների ձեռք բերման համար։ Նրա հավաստմամբ՝ այդ խնդիրը կլուծվի մինչև տարվա վերջ, «գործնական փուլում են»:

«Հոգևոր կարևոր օրվան ընդառաջ մենք եկեղեցու հետ աշխատում ենք, բայց հիմնական կազմակերպչական հարցերով զբաղվում է եկեղեցին։ Եկեղեցին է որոշում` ինչ է արվելու միջոցառմանն ընդառաջ։ Համայնքապետարանն աջակցողի դերում է ճանապարհներ փակելու, բացելու, կարգավորելու, ուխտավորների և հյուրերի համար բոլոր հնարավոր պայմաններն ապահովելու համար»,- եզրափակեց Հայաստանի պատմության մեջ առաջին ու դեռևս միակ կին քաղաքապետը։

Մարիաննա Արամյան