Հակարի կամրջով հայերի անցուդարձը խիստ վտանգված է լինելու․ Ազիզյան

Իրատեսական չեմ համարում Աղդամի ճանապարհի բացմանը զուգահեռ Լաչինի միջանցքի վերագործարկման սպասումները, եթե, իհարկե, վերագործարկման տրամաբանությունը ենթադրում է մինչ դեկտեմբերի 12-ը գոյություն ունեցած կարգավիճակը։ Հնարավոր է՝ որոշ ժամանակով Ադրբեջանը թույլատրի ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ միջոցով բեռների տեղափոխումը ՀՀ-ից, բայց Հակարիի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետը չի ապամոնտաժվելու, ուստի այնտեղով հայերի անցուդարձը խիստ վտանգված է լինելու։ Այս մասին MediaHub-ը զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։
«Ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ դերակատարների փոփոխությունը որևէ կերպ չի կարող դրական ազդեցություն ունենալ ձևավորված աշխարհաքաղաքական իրողությունների վրա։ Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ մեզ կհաջողվի պրագմատիկ և հաշվարկված քայլերի արդյունքում խուսափել վատթարագույն հետևանքներից»,- ասաց նա։
Ազիզյանի խոսքով՝ իրականում, Ադրբեջանի նպատակը ամենևին էլ ինտեգրումը չէ, այլ Արցախի տոտալ հայաթափումը, իսկ ինտեգրման օրակարգը դրան հասնելու միակ լեգիտիմ միջոցն է։
«Բաքվում շատ լավ են հասկանում, որ 21-րդ դարում միջազգային հանրությունը չի կարող արցախահայությանը իր պատմական հայրենիքը լքելու որեւէ լեգիտիմ պահանջ ներկայացնել, կամ պաշտպանել իր կողմից ներկայացված նման պահանջը, ուստի Ադրբեջանն առաջ է բերում ինտեգրման օրակարգը, որն աջակցվում է միջազգային հանրության կողմից, գործնականում դա հանգեցնելու է ուղղակի կամ անուղղակի ցեղասպանության»,-նշեց Ազիզյանը։
Քաղաքագետը փոխանցեց, որ Արցախում տրամադրությունները տարբեր են։
«Մեծ հաշվով, բոլորի մոտ նկատելի է հիասթափություն բոլոր դերակատարների և միջազգային կազմակերպությունների անգործության հետևանքով առաջացած իրավիճակի պատճառով։ Պետք է նշեմ, որ բոլորն էլ միանշանակ մերժում են Ադրբեջանի հետ առաջարկվող ինտեգրման գործընթացը, քանի որ գիտակցում են դրա հնարավոր բոլոր հետևանքները, բայց նաև տրամադրված չեն լքելու մեր պատմական հայրենիքը»,- հավելեց նա։
Լիաննա Թորոսյան