Ի՞նչ է քննարկել Ժաննա Անդրեասյանը բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչների հետ

Երեկ ԿԳՄՍՆ մոտ տեղի ունեցավ «Ընդդեմ նոր չափորոշիչների» բողոքի ակցիան, որը MediaHub-ն ակտիվ լուսաբանեց: Հիշեցնենք, ուսուցիչները նախարարության շենքի մոտ հայտարարում էին, որ իրենց համբերության բաժակը լցվել է, մատնանշում բազմաթիվ խնդիրներ, որոնց այս ուսումնական տարում նրանք հանդիպել են: Մոտ երկու ժամ բողոքի ակցիա անելուց հետո նրանցից մի քանիսին ԿԳՄՍՆ ներկայացուցիչը հրավիրեց քննարկման նախարարի մոտ:
MediaHub-ի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցը, ով նաև մասնակցել է նախարարի հետ հանդիպմանը պատմեց, որ Ժաննա Անդրեասյանն ընդունել է հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածության և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ իրենց դժգոհությունը ներկայացնող ուսուցիչներից բաղկացած խումբը, լսել նրանց:
Մասնավորապես, նախարարին ներկայացվել է էլեկտրոնային տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային մատյաններում, այս տարվա սեպտեմբերից թեմատիկ պլանների լրացման մեխանիզմի վերաբերյալ դժգոհությունը, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է բերել, նաև ուսուցիչները հնչեցրել են աշխատաավարձների բարձրացման հարցը։
«Նախարարի հետ քննարկման արդյունքում ունեցանք մի պատկեր, որ հարցին տրվեց տեղային լուծում՝ իրավիճակը հանդարտեցնելու համար։
Ի՞նչ արեցին, բացեցին pdf տարբերակները, բայց և թողեցին մյուս անհեթեթ լրացման տարբերակը, որը մի քանի օրից կպարզվի, որ պարտադիր է լինելու 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների համար, ասել է թե՝ մինչև 2026 թվականը այս նոր տարբերակը նորից կտարածվի բոլորիս համար։ Իրականում ոչ մի փոփոխություն էլ չեն արել»,- դժգոհեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե ինչպես է նախարարն արձագանքել աշխատավարձների բարձրացման պահանջին, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Աշխատավարձերի հարցով նախարարը շատ կտրուկ պատասխանեց ՝ ոչ։ Նա շատ խիստ և կտրուկ հայտնեց այդ մասին։ Աշխատավարձները չեն բարձրացնում, բայց պահանջները միայն ավելանում են։ Մենք չենք հասկանում իրենց ուսուցիչ պե՞տք է, թե՝ ոչ»,- շեշտեց մանկավարժը։
Նա նշեց, որ աշխատավարձերի բարձրացումը կամավոր է, բայց իրենք վաղուց համոզվել են, որ դա աբսուրդային և անհեթեթ գործընթաց է և այն չի համապատասխանում որևէ ատեստացիոն չափանիշների։
«Ուսուցիչների գործին և առարկային ոչ համապատասխան հարցադրումներ են։ Ասես դասախոսներ են, որոնք պարզապես ցանկանում են կտրել ուսանողին քննությունից. ուսուցիչները հիմա այդ վիճակում են հայտնվել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Մարիա Զարգարյան