Ո՞նց մարդկանց երեսին նայեի․ Ասլանյանը՝ Վարդանյանի ձերբակալության մասին

Ո՞նց մարդկանց երեսին նայեի․ Ասլանյանը՝ Վարդանյանի ձերբակալության մասին

Օրեր առաջ գրեցինք, որ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու քաղաքացի Սամվել Վարդանյանի մասնակցությամբ միջադեպ է եղել հանրային տրանսպորտում․ քաղաքացին, փորձելով ցույց տալ, որ անհանդուրժող է այս իշխանության հանդեպ, պատգամավորին դիմել էր «ՔՊ-ական վիժվածք» ձևակերպմամբ, որին ի պատասխան Ասլանյանը հարվածել էր նրան։

Դեպքի առնչությամբ մենք մեկնաբանություն էինք ստացել թե՛ Ասլանյանից, թե՛ Վարդանյանից։

Պատգամավորը նշել էր, որ ոստիկանություն չի դիմելու, քանի որ տղան «այդքան չկա», ու ինչ-որ պատվեր է կատարում, իսկ Վարդանյանն էլ ասել էր, որ ինքն ուղղակի հանրային կերպով արտահայել է իր անհանդուրժողականությունը՝ իշխող քաղաքական ուժի նկատմամբ, որին ի պատասխան, Ասլանյանը հարվածել էր իրեն։ Այդքան բան։

Թվում էր, թե այս խմորն էլ ջուր չի քաշի, սակայն, այդպես ուղղակի թվում էր։ Դեպքից ժամեր անց ՔՊ վերնախավը սկսեց ակտիվորեն հայտարարել, որ նման դեպքերը չպիտի անպատիժ մնան, դրանից հետո Սամվել Վարդանյանը բերման ենթարկվեց, ապա ձերբակալվեց։ Եվ ՔԿ-ից ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին էլ խոշտանգվեց։ 

Ինչպե՞ս է այս ամենին վերաբերում հենց Ասլանյանը, արդյո՞ք իր համար ընդունելի է, որ այս գործի շրջանակում երիտասարդ տղայի են խոշտանգում ու նվաստացնում։ Եվ ընդհանրապես, ինչո՞ւ նա որոշեց գործին ընթացք տալ, եթե մեզ հետ զրույցում ասել էր՝ չի դիմելու իրավապահներին։

«Երբեք ոչ մի տեսակ անօրինականության կողմնակից չեմ՝ անկախ նրանից, թե օրենքն ով է խախտում։ Բայց մի հենվեք միայն փաստաբանների հայտարարության վրա, թողեք ճշտվի, նոր կասեք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Ասլանյանը։

Պատգամավորը նկատեց՝ երկակի ստանդարտներ չպիտի լինեն, օրենքի առաջ բոլորը հավասար են։
«Այդ երիտասարդը պիտի հասկանա, որ իր իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը»,- ասաց պատգամավորը։

Դիտարկմանը, որ հենց մեզ հետ զրույցում է ինքն ասել, որ ոստիկանություն չի դիմելու, Ասլանյանն արձագանքեց՝ ինձ հենց ինքն է դրդել, որ դիմեմ։

«Այդ դեպքից հետո ինձ անընդհատ զանգում էին քաղաքացիները, ասում էին, որ համացանցը պայթում է այդ տեսանյութով։ Ես չէի արձագանքում, բայց մի երեք ժամ հետո ինձ ՔԿ-ից զանգեցին, ասացին՝ «հայտնաբերել ենք այդ տղային», ու պետք է ես գնամ ու հաղորդում տամ։ Ես էլ գնացի, քանի որ հակառակ դեպքում ո՞նց պիտի մարդկանց երեսին նայեի։ Ինքը դրդեց, քանի որ հանրայնացրել էր այդ տեսանյութը»,- նշեց նա։

Հարցին, թե հիմա ո՞նց է նայում մարդկանց երեսին, երբ երիտասարդ տղային խոշտանգել են այդ դեպից հետո, Ասլանյանը պատասխանեց՝ դա դեռ պարզել է պետք։ «Թող իզուր տեղը «Ֆեյսբուք» չգցեր, որ լուռ ու մունջ անցներ»,- նշեց նա։

Մնացյալ հարցերը, պատգամավորի խոսքով, իր դաշտում չեն։

Նարե Գնունի