Գաղթի ճանապարհին մի կին մի կտոր պանիր հյուրասիրեց, մեկը՝ մի քիչ հաց, մյուսը՝ խնձոր. իրար ցավ կիսելով տեղ հասանք 

Գաղթի ճանապարհին մի կին մի կտոր պանիր հյուրասիրեց, մեկը՝ մի քիչ հաց, մյուսը՝ խնձոր. իրար ցավ կիսելով տեղ հասանք 

«Ամեն ինչ ստացվեց շատ պատահական, սակայն, ինչպես բոլոր դեպքերում՝ Իրինայի հետ մեր պատահական հանդիպումը դարձավ ճակատագրական։ Տեղահանությունից հետո հայաստանաբնակ մեր հայրենակիցներից մեզ շատ բան պետք չէր, թեկուզ փաղաքշական մի խոսքը կարող էր մեզ ուժ տալ, ոգևորել, որ առաջ նայենք, իսկ նա արեց ավելին»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտից բռնի տեղահանված Յուլյան։ 

Արթուրն ու Յուլյան 2 անչափահաս երեխաների ծնողներ են։ Կինն աշխատում էր Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում, ամուսինն ուժային կառույցի ծառայող էր։ 

«Սեպտեմբերի 19-ին Արթուրի հանգստյան, իսկ աշխատանքում իմ հերթափոխի օրն էր։ Դա սովորական օր չէր, դա կյանքի ու մահվան ճամփաբաժան էր։ Երբ սկսվեց հրթիռակոծությունը, մենք պատրաստվում էինք ճաշել, ամեն ինչ թողեցինք կիսատ ու շտապեցինք հիվանդասենյակներ, որպեսզի տարհանենք բուժում ստացող երեխաներին։ Բլոկադայի պատճառով ու թերսնուցման հետևանքով բուժվողների թիվը քիչ չէր»,- ասում է մեր զրուցակիցը, ավելացնում, որ այդ ամենը կազմակերպելուց հետո առաջին բանը, որ արել է բուժանձնակազմը, ընտանիքների հետ կապ հաստատելու փորձերն էին, որն այդպես էլ չստացվեց։ 

«Մենք չէինք կարող դուրս գալ հիվանդանոցից 2 պատճառով։ Առաջինը՝ ժամ առ ժամ ավելանում էին հիվանդները, ընդ որում՝ ոչ միայն երեխաներ, նրանց մենակ թողնելը ճիշտ չէր լինի, և երկրորդ՝ չգիտեինք, որ դուրս գանք, արդյո՞ք տուն կհասնենք, ամենուր կրակում էին։ Երկար փորձերից հետո միայն երեկոյան կարողացա կապ հաստատել ամուսնուս հետ, ասաց՝ «երեխաները մերոնց հետ «պադվալում» են, ես՝ ծառայության մեջ»։ Դա էլ մի բան էր, երբ իմացա բոլորը ողջ են»,- մանրամասնում է Յուլյան։ 

Պատերազմի օրը տարբերություն չկար մայրապետի ու բժշկի մասնագիտությունների մեջ, ասում է՝ օգնում էր բժիշկներին, վիրակապում, մասնակցում վիրահատություններին, հույս տալիս շունչները պահած վիրավորների հարազատներին։

«Հաջորդ օրը գնացի տուն։ Երեխաներս ուրախությունից թռչկոտում էին, մինչ այդ չնայած հուսալի ձեռքերում էին, բայց մեկ է, իրենց գիտակցությամբ մաման ու պապան են երեխաների պաշտպանները։ Պատերազմը, թվում է, կարճ տևեց։ Բայց մեկ օրից ավելի ոչ մի վայրկայնով կրակը չդադարեց, անգամ զինադադարից հետո քաղաքի վրա շարունակ կրակում էին բարձունքներից։ Արթուրը եկավ ու մեզ նորից տարավ ապաստարան։ Մե՛կ հավաքում էի իրերը, մե՛կ՝ խնամքով դասավորում։ Ո՞վ կմտածեր հայաթափման մասին։ Շատ կորուստներ պատճառվեց մեր բնակչությանը, երեխաներին»

Երիտասարդ կինն ափսոսում է Արցախի կորստի համար և այն կյանքերի, որ չապրվեցին հանուն Արցախի։ 

Սեպտեմբերի 25-ին Ավանեսյանները ևս բռնեցին գաղթի ճանապարհը։ Յուլյան ասում է, որ «Նիվա» մակնիշի մեքենայում տեղավորվել են 11 հոգով ու ձեռնունայն ճանապարհվել։

«Մի քանի լավաշ ենք թխել գիշերը, մի քիչ եփած միս ու կարտոֆիլ վերցրել։ Ամենադաժանը Շուշիի ու Հակարիի մոտ էր, երբ զգում էինք ադրբեջանցիների ներկայությունը, հարկադրաբար հանդուրժում նրանց ծիծաղը։ 5 մետր առաջ էինք գնում, կանգնում 2 ժամ, այդպես 2 օրում հասանք Հայաստան։ Ճանապարհին երեխաները սոված էին։ Մի կին մի կտոր պանիր հյուրասիրեց, մեկը՝ մի քիչ հաց, մյուսը՝ խնձոր։ Իրար ցավ կիսելով տեղ հասանք»։ 

Ընտանիքը եկել է Մասիս, 2 օր քնել մեքենայի մեջ։ Յուլյան խանութ գնալու ճանապարհին հանդիպել է Իրինա Ղափլանյանին։ 

«Ես, նրանից ամաչելով, հարցրեցի խանութի տեղը, նա ասաց, որ ինքը տեղացի չէ, հետո առաջարկեց, թե՝ «մի 10 րոպե սպասեք, ես ձեզ կտանեմ»։ Իր գործը թողեց կիսատ ու սկսեց զբաղվել մեզանով։ Իմանալով, որ մեքենայի մեջ ենք մնում, մինչև վարձով տուն կգտնենք, մեզ համար հյուրանոց վարձեց Երևանում, դրանից հետո ժամանակավոր բնակարան տեղափոխեց։ Արթուրին տեղավորեց աշխատանքի, անհրաժեշտ գնումներ կատարեց ու գնաց»,- պատմում է նա:

Ընտանիքը նորից տեղափոխվել է Մասիս։ Յուլյան հարգանքով է խոսում մարդկանց մասին, ովքեր օգնության ձեռք են մեկնել իր ընտանիքին այն պահին, երբ ամեն ինչ կորցրած ամուսինները տեղահանվել ու եկել են Հայաստան։

«Ու ես հասկացել եմ, որ բարությունը մարդկային արժեքներից ամենակարևորն է, ամենամեծ խաղաղությունը։ Չգիտեմ՝ ինչպիսին կլիներ մեր վիճակը, եթե չլիներ մեր հայրենակիցների ջերմությունը, տված սերը, թեկուզ հուսադրող խոսքն ու աջակցությունը»,- հավելում է նա:

Հունան Թադևոսյան