ՀՀ-ն ԱՄՆ արտաքին քաղաքականության կոնտեկստում ունի այնքան կարևորություն, որքան Ադրբեջանը կամ Վրաստանը․ Սարգսյան

Հայաստանն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ դեր զբաղեցնո՞ւմ է, թե պարզապես խաղաթուղթ է, որը պետք է օգտագործվի Իրանի դեմ։ Արդյո՞ք Ռուսաստանի ազդեցությունը Հայսաստանում թուլանում է և ինչի համար են անցկացվում Հայ-ամերիկյան զորավարժությունները․ այս ամենի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ։
«Գերտերությունների՝ Ռւսաստանի և ԱՄՆ-ի միջև կա գլոբալ առճակատում, այդ թվում նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում ծավալման ազդեցության տարածման տեսանկյունից։ Եթե Ռուսաստանի ազդեցությունը Հայսաստանում թուլանում է, ապա ինչ-որ մեկը այդ ազատ տեղը պետք է լրացնի՝ դա կլինի ԱՄՆ-ն, թե ԱՄՆ-ի այլ ռազմավարական գործընկեր։ Այսինքն, եթե ազդեցությունը նվազում է՝ դրա արդյունքում այլ ազդեցություն մեծանում է, և բնականաբար ձգում է ավելի շատ ազդեցություն ունեցող բևեռը»,- նշեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Ըստ քաղաքագետի, Հայաստանը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կոնտեկստում ունի համարյա այնքան կարևորություն և նշանակություն, որքան Ադրբեջանը կամ Վրաստանը։ Այսինքն՝ Հայաստանը ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն, ռազմավարական կարևորություն չունի, բայց իրենց համար տարածաշրջանն ունի ռազմավարական նշանակություն և կարևորություն, որովհետև տարածաշրջանը հարևան է իրենց ռազմավարական դաշնակից Թուրքիային, հակառակորդ Ռուսաստանին և թշնամի Իրանին։ Բայց առանձին պետություններն իրենց հետաքրքիր չեն ո՛չ որպես տնտեսական և ո՛չ էլ ռազմավարական գործընկեր։
«Հայ-ամերիկյան զորավարժությունները կամ ընդհանրապես նման զորավարժությունները պլանավորվում են աշխարհի ամենատարբեր երկրների հետ, տարբեր ժամանակներում և տարբեր տեսակի և քանակի զորքերի ներգրավվածությամբ։ Նման զորավարժություններ անցկացվել են նաև Ղազախստանում, այսինքն այդպիսի զորավարժություններ միայն Հայսատանում չեն անցկացվում և դրանից պետք չէ պատմություն սարքել։ Այդ զորավարժությունները պետք չէ ո՛չ գերագնահատել, ո՛չ էլ թերագնահատել»,- եզրափակեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ «Արծիվ գործընկերը» խաղաղապահների համար նախատեսված զորավարժություն է, որն ընթանում է Հայաստանում սեպտեմբերի 11-ից 20-ը։ Վարժանքին մասնակցում են մոտ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։ Մոսկվան նման զորավարժությունների անցկացումը որակել էր մտահոգիչ:
Մարիաննա Արամյան