Ի՞նչ է լինելու ապրիլի 5-ից հետո․ ընդդիմությունը դուրս է գալիս փողոց

Ի՞նչ է լինելու ապրիլի 5-ից հետո․ ընդդիմությունը դուրս է գալիս փողոց

Երեկ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն իրազեկման ակցիաներ էին իրականացնում Երևանի փողոցներում՝ մարդկանց հրավիրելով ապրիլի 5-ի հանրահավաքին։
Այս հանրահավաքի հրավիրումն, իհարկե, ունի մի փոքր նախապատմություն։

Անցած շաբաթ պարզ դարձավ, որ խորհրդարանական մեծամասնությունն ու ընդդիմությունն այդպես էլ համաձայնության չեն եկել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ձևաչափի շուրջ, որից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ապրիլի 5-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք։

Նույն օրն ավելի ուշ, ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը որոշակի պատկերացում է տալիս հանրահավաքի մոտիվների, օրակարգի մասին։ «Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։ Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։ Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։ Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։ Ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքները մտնելու են յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք։ Այս ընթացքը պետք է կասեցնել։ Արցախի կողքին կանգնելով՝ պարտավոր ենք փրկել մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, մեր ապագան»,- ասված է ընդդիմադիր խմբակցությունների համատեղ հայտարարության տեքստում։

Ակնհայտորեն, ընդդիմության հանրահավաքի առիթը՝ Բրյուսելում ապրիլի 6-ին նախատեսված Միշել- Փաշինյան- Ալիև եռակողմ հանդիպումն է ու վախերը, որ հայկական կողմը կարող է գնալ զիջումների։

Ընդդիմության մոտիվացիան միանգամայն հասկանալի է, բայց որոշակի հարցեր կան նաև հանրահավաքի կազմակերպիչներին։

Գրեթե նույն օրակարգով հանրահավաքներ անցկացվել են 2000թ-ի նոյեմբերի 9-ից հետո ու դրանց արդյունավետությունը՝ դատելով 2020թ-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներից, առանձնապես մեծ չի եղել։ Արդյո՞ք ընդդիմությունը դասեր քաղել է նախորդ շրջանի իր սխալներից ու հասարակությանը ներկայանալու է նոր բովանդակությամբ ու մարտավարությամբ, թե՞ գործ ունենք հերթական քաոտիկ ակցիայի հետ։

Ի՞նչ է հաջորդելու ապրիլի 5-ին։ Սա առանձին ակցիա՞ է, թե՞ գործընթացի մեկնարկ։
Եվ վերջապես՝ ի՞նչ այլընտրանքային բովանդակություն է ընդդիմությունը ներկայացնելու հասարակությանը, որը Փաշինյանին մերժելուց զատ՝ ցանկանում է ունենալ ապագայի տեսլական։
Կարծում ենք՝ առաջիկա մեկ- երկու օրերին հենց այս հարցերին պետք է պատասխանեն ընդդիմության առաջնորդները։

Վահրամ Բագրատյան