Փաշինյանի «ազնիվ» կադրերը

Փաշինյանի «ազնիվ» կադրերը
Փաշինյանի «ազնիվ» կադրերը
Փաշինյանի «ազնիվ» կադրերը

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը երեկ կալանավորվեց, իսկ ժամեր անց նաև ազատվեց նախարարի պաշտոնից։

Սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանում գործող նախարարը կալանավորվում է կոռուպցիոն մեղադրանքով։ 

Իհարկե, այս փաստը իշխանությունն օգտագործելու է քարոզչական նպատակներով՝ մոտավորապես այն մոտիվներով, թե իշխանությունն այնքան հետևողական է ու անզիջում կոռուպցիայի դեմ պայքարում, որ չի խնայում անգամ յուրայիններին։ Նման քարոզչական թեզեր Նիկոլ Փաշինյանն արդեն շրջանառել է, երբ կառավարության վերջին նիստում զարգացնում էր «զրո հանդուրժողականություն՝ կոռուպցիային» թեզը։

Իհարկե, միանգամայն լեգիտիմ կլինի Փաշինյանին ներկայացնել լուրջ մեղադրանք՝ հակառակ տրամաբանությամբ։

Փաշինյանի վարչապետական պաշտոնավարումը դեռ չի բոլորել չորս տարին, բայց նրա կաբինետի երկու անդամներ՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն արդեն կալանավորված են կոռուպցիոն հոդվածներով։ Իհարկե, Տոնոյանը մեղադրանքը չի ընդունում ու պարբերաբար հանդես է գալիս, այսպես ասած, տողատակային հայտարարություններով, որոնցից կարելի է հասկանալ, թե ինքն էլ կարող է հրապարակել փաստեր, որոնք անհարմար վիճակի մեջ կդնեն Փաշինյանին։ 

Հիշեցնեմ նաև, որ նախարարական երկու կարգավիճակ ունեցող ևս երկու մարդկանց նույնպես մեղադրանք է առաջադրվել Փաշինյանի իշխանության տարիներին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանքի տակ է ու դարձյալ չի ընդունում մեղադրանքը, իսկ ՊՎԾ նախկին պետ, հեղափոխական հարթակի կարկառուն ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն ազատության մեջ է՝ «քաղհալածյալի» պատմուճանով՝ թեև չի զլանում ամիսն առնվազն երկու անգամ, որպես կուսակցության ղեկավար, հանդիպել Փաշինյանին։

Ստեղծված իրավիճակում՝ տեղին է անել երկու կարևոր արձանագրում։

Մեծ հաշվով՝ սուտ են Փաշինյանի պնդումները, թե իր իշխանության օրոք համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել։ Եթե այդ հայտարարություններն իրականության հետ աղերս ունենային, ապա առնվազն չորս բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիան մեղադրանք չէր առաջադրվի, էլ չեմ խոսում՝ փոխնախարարների, վարչության պետերի մասին։

Մյուս կողմից, դատական ակտեր, որպես այդպիսին, գոյություն չունեն ու կարող ենք նաև ենթադրել, որ կոռուպցիոն «բացահայտում» տեղի է ունենում, երբ իշխանության ներսում «ֆիլտրման» անհրաժեշտություն է լինում կամ Փաշինյանը «պրոպագանդիստական» նյութի անհրաժեշտություն է ունենում։

Վահրամ Բագրատյան