Վանաձորի «զավթումը»

Վանաձորի «զավթումը»

Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն ամեն ջանք գործադրեցին՝ Վանաձորում իրենց համար հաճո տեղական իշխանություն ձևավորելու համար։

Թվում էր՝ Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո, նրա թիմը «կոտրվելու» է ու իշխանությանը հաջողվելու է յուրային համայնքապետ ընտրել՝ գործող ավագանիի կազմից։

Չստացվեց։

Դեկտեմբերի 5-ի ընտրությունների ժամանակ նույնիսկ ՔՊ-ին ձայն տված վանաձորցիները հիասթափվեցին իշխանություններից ու ավելի կոնսոլիդացվեցին Մամիկոն Ասլանյանի ու նրա աջակիցների շուրջ։

Չօգնեց նաև՝ «Լուսավոր Հայաստանի» հարուցած արհեստական դատական քաշքշոցի միջոցով ավելի դրական համատեքստ ստանալու ջանքը։ Վաղ, թե ուշ, ավագանու նիստը կայանալու է ու իշխանությունը պարտվելու է, ինչպես դա տեղի ունեցավ Վարդենիս համայնքում։

Ի վերջո, իշխանությունը գնաց օրենսդրական «հեղաշրջման» ճանապարհով։

Այսօր տեղի է ունեցել ԱԺ արտահերթ նիստ , որի օրակարգում ՔՊ նախաձեռնությամբ եղել է ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը։

Այսպիսով՝ երբ թշնամին, օգտվելով Հայաստանի իշխանության անգործությունից, օկուպացնում է մեր հայրենիքի տարածքները, Նիկոլ Փաշինյանը զբաղված է կոնկրետ համայնքների ՏԻՄ-երը «զավթելով»։

Վահրամ Բագրատյան