Փաշինյանը ժողովրդին «նախապատրաստում» է «խաղաղության»

Փաշինյանը ժողովրդին «նախապատրաստում» է «խաղաղության»

Նույնիսկ պատերազմից հետո` «խաղաղության դարաշրջանի» օրակարգի անընդհատ պնդումների համատեքստում, Նիկոլ Փաշինյանը չի գիտակցել, որ խաղաղության կոնցեպտը պետք է դիտարկի Հայաստանի զարգացման հրամայականի դաշտում։ Հակառակ պարագայում` կառավարության երեկվա նիստում Փաշինյանը երկար- բարակ «սարսափ կինո» չէր պատմի` խաղաղության պայմանագրի ստորագրման անխուսափելիությունը հիմնավորելու համար։ Ընդ որում, նույն սցենարը կրկվում է կառավարության վերջին երկու նիստերում։

Նիկոլ Փաշինյանը նույնպես չի հավատում խաղաղության օրակարգին` ենթագիտակցորեն դա նույնացնելով կապիտուլյացիայի հետ։

Վախենում է բարձրաձայնել այն մասին, որ պատերազմում պարտվելուց հետո, ըստ էության, տապալել է նաև խաղաղության օրակարգը։

Փաշինյանը խաղաղությունն անուղղակիորեն, ենթագիտակցորեն նույնացնում է կապիտուլյացիայի հետ ու հետո զարմանում է իրեն «կապիտուլյանտ» համարող ընդդիմախոսության վրա։

Խաղաղության գնում են քաղաքական համոզմունքով ու ծրագրով, ոչ թե` վախերով ու բարդույթներով։

Փաշինյանը գործընթացին գնում է վախերով ու պատահական չէ, որ նա երեկ ճգնում էր ապացուցել, թե խաղաղության պայմանագրի ստորագրումն այլընտրանք չունի։

Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին․ հայտարարել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իր հանդիպումը:

«Կրկին Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր:

Եվ ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել եւ համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,-ասել է վարչապետը:

«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանից շատ լավ ուղերձներ ենք ստանում և հուսով ենք, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ այս հարցը ավելի հստակ կդառնա», - Փաշինյանին անմիջապես արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ:

Փաշինյանի ու Ալիևի փոխլրացնող հայտարարությունների համատեքստում՝ Հայաստանում ու Արցախում ահագնանում են անորոշությունն ու տագնապը։

Վահրամ Բագրատյան