Ավինյանի վերաբերյալ կոնսենսուսը կայացե՞լ է

Ավինյանի վերաբերյալ կոնսենսուսը կայացե՞լ է

«Քննարկումներ եղել են»: Sputnik Արմենիայի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետ նշանակվելու վերաբերյալ հարցին:

«Տարբեր քննարկումներ այս հարցի շուրջ ունեցել ենք, սակայն վերջնական համաձայնություն չունենք։ Ընդհանուր համաձայնության դեպքում միգուցե և պարոն Ավինյանին նշանակեմ (փոխքաղաքապետի պաշտոնում - խմբ.)»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նորաթուխ քաղաքապետն, իհարկե, չափազանցրել է իր դերակատարությունը։ Նա ընդամենը տեղապահ է՝ մինչև Երևանի ավագանու հաջորդ տարվա ընտրությունները ու կադրային հարցերում, հատկապես՝ Ավինյանի մասով, հաստատ որոշումներ կայացնելու ազատություն չունի։

Երբ Սարգսյանն ասում է, թե Ավինյանի հարցում «վերջնական համաձայնություն չունենք»՝ նշանակում է, որ իշխանության վերնախավում դեռևս վերջնական որոշում չկա, թե կառավարող կուսակցությունն ինչ ձևաչափով կամ թեկնածուով է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։ Ավելի ստույգ, դեռ վերջնական որոշում չի կայացվել, թե արդյո՞ք Ավինյանի դեմքով է ՔՊ-ն մասնակցելու մայրաքաղաքի ընտրություններին, թե՞ գտնվելու է այլ լուծում։

Իհարկե, Ավինյանն այս պահին համարվում է իշխող թիմի քաղաքապետի ամենահավանական թեկնածուն, համենայն դեպս՝ այդ մասին բաց ակնարկել է ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը։  «Տիգրան Ավինյանը կգլխավորի մեր ընտրական ցուցակը հաջորդ ընտրություններում», - երեկ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագրի» հանրային կապերի համակարգողը։

Սակայն ամեն ինչ այնքան միանշանակ չէ, մանավանդ մինչև ընտրությունները դեռ երկար ժամանակ կա։ Բանն այն է, որ նախկին փոխվարչապետը Փաշինյանի թիմի համեմատաբար ինքնուրույն ֆիգուրներից մեկն է, ինչն էլ կարող է խանգարել նրա հավակնություններին։ Փաշինյանի հանրային վարկանիշի անկման ֆոնին՝ նա ավելի քիչ է հանդուրժում ինքնուրույն մարդկանց, վարչապետի մոտ ավելի են խորացնել կասկածամտության, իշխանությունը կորցնելու վախերը։ Այս գործոնը, բնականաբար, Ավինյանի դեմ է աշխատում։

Մյուս կողմից, Երևանի ավագանու ընտրությունները քաղաքականացված են ու հիմա դժվար է լինելու դրանց մասնակցել, օրինակ՝ Գարիկ Սարգսյանի կամ Հրաչյա Սարգսյանի տիպի անդեմ գործիչների դեմքով։
Սպասենք իրադարձությունների զարգացմանը։

Վահրամ Բագրատյան