Ի՞նչ է սպասվում Բրյուսելում

Ի՞նչ է սպասվում Բրյուսելում

Այս օրերին բոլորս տագնապով ու անորոշությամբ սպասում ենք Բրյուսելում տեղի ունենալիք Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիև բանակցություններին, որոնք տեղի են ունենալու Եվրամիության հովանու ներքո։ Սպասվող հանդիպումը ներքաղաքական ակտիվություն է հարուցել Հայաստանում, որտեղ ընդդիմությունը նախապատրաստվում է մեծ հանրահավաք անցկացնել։ Սակայն առավելապես հետաքրքիր է, թե պաշտոնական Երևանն ու Բաքուն ինչ օրակարգով են պատրաստվում մասնակցել բրյուսելյան հանդիպմանը։

Իտալիայի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցն առիթ հանդիսացավ, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ձևակերպեն պաշտոնական Երևանի ու Բաքվի ակնկալիքները բանակցությունների բրյուսելյան ռաունդից։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին մենք կտեսնենք, թե Հայաստանն ինչքանով է լրջորեն վերաբերվում հարաբերությունների կարգավորման հարցին և ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ ձեռնարկել․ «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցի հարցին։

«Ադրբեջանական կողմը բացեիբաց հայտնել է իր դիրքորոշումը։ Ես չէի ուզենա նախօրոք շատ կանխակալ հայտարարություններ անել։ Մեր մոտեցումը կլինի համարժեք»,- ասել է Բայրամովը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը, թերևս, ակնարկում է Բաքվի առաջ քաշած հինգ կետերի մասին՝ ակնկալելով Բրյուսելում ստանալ հայկական կողմի պատասխանները։ Պաշտոնական Երևանը երեկ անուղղակի պատասխանել է Բայրամովին։Կրկին վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը խաղաղությանն ուղղված բանակցությունների և պայմանագիր կնքելու մասին․ երեկ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանն առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ոչ ամբողջական։ Այդ առաջարկները մենք լրացրել ենք մեր առաջարկներով և բարձրաձայնել ենք մեր պատրաստակամությունը անմիջապես սկսելու բանակցությունները»,-ասել է նա։

Այսպիսով, հրապարակային հայտարարությունների թվացյալ կառուցողականության համատեքստում կողմերը պատրաստվում են բրյուսելյան հանդիպմանը։ Մեր կարծիքով՝ Բրյուսելում Խաղաղության պայմանագիր կամ դրան համարժեք փաստաթուղթ չի ստորագրվելու, լավագույն դեպքում՝ կողմերը հանդես են գալու ընդհանուր բնույթի հայտարարությամբ։ Բոլորն են հասկանում, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի կենսական շահերի տարածք է ու ԼՂ խնդրի, հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանալին Մոսկվայում է` դուր գա դա որևէ մեկին, թե` ոչ։ Այս համատեքստում՝ առավել կարևոր է դառնում ապրիլի կեսին Նիկոլ Փաշինյանի այցը ու հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Վահրամ Բագրատյան