Ինչո՞ւ չկա ընդվզում ավտորիտարիզմի դեմ

Ինչո՞ւ չկա ընդվզում ավտորիտարիզմի դեմ

 

Ընդդիմադիրները հակասահմանադրական են համարում վարչապետին Վանաձորում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու լիազորություն տվող օրենքը։ Ձևավորված, բայց այդպես էլ գործունեություն չծավալած ավագանին այս փոփոխությամբ զրկվում է համայնքի ղեկավար ընտրելու իր հնարավորությունից, հետագայում նաև՝ ավագանու մանդատներից։ Այսինքն, Վանաձորում իրական է դառնում արտահերթ ընտրությունների հեռանկարը ու սա տեղի է ուենում բացառապես այն պատճառով, որ երրորդ քաղաքում ՔՊ-ին չի հաջողվել դեկտեմբերի 5-ի ընտրություններում հաղթանակ տանել կամ էլ՝ այնպիսի կոալիցիա ձևավորել, որի շնորհիվ կարողանա վերահսկողություն սահմանել Վանաձորի տեղական իշխանության նկատմամբ՝ Վանաձորի օրինակով։

Եթե ավտորիտար այս միտումները շարունակվեն, հեռու չէ այն օրը, որ մի օր էլ իշխանությունը կնախաձեռնի ՏԻՄ ընտրությունները չեղարկելու նախաձեռնություն՝ նշանակովի դարձնելով համայնքապետերի պաշտոնները։
Իշխանության ավտորիտար ձգտումներն ակնհայտ են, զարմանալի է, թե ինչու դրանց դեմ չեն ընդվզում մագիստրալ ընդդիմությունը՝ գլոբալ հարթության վրա ու համայնքներում՝ որպես պայքարի լոկալ դրսևորում։
ԱԺ-ում անցած շաբաթ ընդունված օրենսդրական փոփոխությունը բացառապես վերաբերում էր Վանաձորի տեղական իշխանությանը կամ դրա յուրացմանը։ Ընդունված որոշումից Վանաձորում բոլորն են դժգոհ։ Օրինակ, հասարակության համար ակնհայտ է դարձել, որ իր ընտրությունը հանրապետական իշխանությունը փորձում է խմբագրել։ Վանաձորում գործող քաղաքական ուժերից և որևէ մեկը՝ բացառությամբ ՔՊ-ի, հրապարակավ չի պաշտպանել իշխանության նախաձեռնությունը։

Բայց պասիվ դժգոհությունը որևէ բան չի փոխելու, եթե Վանաձորի հասարակությունը, քաղաքական ուժերը հրապարակային ակտիվ գործունեություն չծավալեն։ Բոլորս պետք է գիտակցենք, որ եթե չենք պաշտպանում մեր իրավունքները, ապա իշխանությունն առաջ է գնալու իր ավտորիտար ձգտումների իրականացման հարցում։
Ինչ-որ կետում իշխանությունը պետք է հանդիպի հասարակության համառ ու հետևողական դիմադրությանը։

Վահրամ Բագրատյան